Արագ սնունդ
Սպառողների ազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ նկարահանված ֆիլմ արագ սննդի վտանգավորության մասին 16 Декабря 2022, Пятница | 736
Արագ են անցնում տարիները: 20 տարի առաջ Հայաստանի սպառողական շարժման հիմնադիրները, որքան էլ որ պատկերացնում էին դժվարությունները` պայմանավորված փորձի բացակայությամբ և ժամանակի ու իրականության պարտադրանքով, այնուամենայնիվ լծվեցին մեր երկրում սպառողների իրավունքների պաշտպանության գործին: Դժվար ու փորձություններով լի ճանապարհ անցան: Բժիշկ-համաճարակաբան Մելիտա Հակոբյանի գլխավորությամբ ստեղծված համախոհների խումբը նախ և առաջ մտահոգված էր սպառողների առողջությանը սպառնացող վտանգով: Իսկ վտանգը սպառողական շուկայում էր, հատկապես` սննդամթերքի: Այսօր ավելի լավ է չհիշենք, թե ինչ սննդամթերք էր առաջարկվում սպառողներին 1990-ականներին: Տուն էինք տանում, ինչն ուտելի էր, առանց հետևանքների մասին մտածելու: Այն ժամանակ ո՞վ էր պատկերացնում այսօրվա իրավիճակը: Խոսքը սպառողական շուկայի առատության, այդ շուկայում սպառողների ընտրության մեծ հնարավորության և ապրանքը գնելիս ծանր ու թեթև անող գիտակից սպառողի մասին է: Այն ամենը, ինչին Սպառողների ազգային ասոցիացիան հասել է 20 տարվա ընթացքում, միայն երախտագիտության է արժանի: Սպառողական շարժման ջատագովները դեռևս 1991 թվականին հստակ պատկերացնում էին իրենց առաքելությունն ու գիտեին նպատակը, հանուն որի պետք է իրականացնեին իրենց կողմից մշակվող ծրագրերը: Սակայն համապատասխան օրենքի բացակայությունն ավելի էր բարդացնում վիճակը: Շուրջ 10 տարի աշխատեցին սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենքի բացակայությամբ, և հայտնի չէ, թե դեռ որքան կուշանային օրենքի մշակումն ու ընդունումը, եթե այդ գործին ակտիվ մասնակցություն չունենար Սպառողների ազգային ասոցիացիան: 1991 թվականին, սպառողական շարժման հիմնադրման օրից, շարժմանը ներգրավված և այն գլխավորող մասնագետների խումբը պարզ գիտակցում էր սպառողական շարժման առաքելությունը, որն է.
- բարձրացնել սպառողների գիտակցությունը, կրթել նրանց սպառողական գիտելիքներով` հնարավորություն ընձեռելով ճիշտ կողմնորոշվելու և պաշտպանելու սեփական շահերը ապրանքների և ծառայությունների շուկայում,
- պայքարել հանուն ազգաբնակչության առողջության պահպանման և ապագա առողջ սերնդի ձևավորման,
- ԶԼՄ-ների օգնությամբ սպառողներին պարբերաբար ապահովել համապատասխան տեղեկատվությամբ,
- իշխանություններին ներկայացնել առաջարկներ անորակ ապրանքներն ու ծառայությունները շրջանառությունից դուրս բերելուն ուղղված միջոցներ ձեռք առնելու ուղղությամբ,
- իրականացնել ապրանքների և ծառայությունների անկախ փորձաքննություն,
- իրականացնել անկախ փորձաքննություն գործող գների, տարիֆների ու ստանդարտների համապատասխանության վերաբերյալ,
- ներկայացնել սպառողների շահերը պետական կառույցներում:
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո` 2002 թվականի հունվարից, Սպառողների ազգային ասոցիացիան, առաջնորդվելով արդեն գործող օրենքով, հնարավորություն ունեցավ մշտապես վերլուծության ենթարկելու երկրում գործող օրենսդրության և սպառողի շահերին վերաբերող օրենքները, օրենսդրական ակտերն ու որոշումները, մշակելու և համապատասխան առաջարկներ ներկայացնելու դրանց կատարելագործման ուղղությամբ, ինչպես նաև աջակցելու հայրենական որակյալ արտադրողներին և ծառայություն մատուցողներին:
20 տարի անց այս ամենի մասին խոսելն անհամեմատ դյուրին է, մինչդեռ 1991 թվականին սպառողների շահերը պաշտպանելու նպատակով Հայաստանի նորանկախ հանրապետությունում սկիզբ առած հասարակական նախաձեռնությունը հաստատման և կայացման դժվարին և բարդ ուղի պետք է անցներ:
Հայաստանի շրջափակման, արտադրության բացակայության տարիներին ամայացած խանութների կողքին սանիտարահիգիենիկ տարրական նորմերին հակասող պայմաններում ծաղկում էր փողոցային առևտուրը: Վտանգված էր մարդու առողջությունը: 1990-ականների սկզբին ապրանքների և ծառայությունների անկանխատեսելի շուկայում սպառողական շարժման ակտիվի գերխնդիրն էր բարձրացնել հայ սպառողի գիտակցությունը հօգուտ սեփական շահերի օրինական պաշտպանության: Այն ժամանակ համախոհների խումբը` Մելիտա Հակոբյանի գլխավորությամբ, նախ և առաջ ձեռնամուխ եղավ արտասահմանյան երկրների փորձի ուսումնասիրությանը` ծանոթանալով այնտեղ գործող համապատասխան օրենսդրությանը: 1993-ին Մելիտա Հակոբյանի ջանքերով Հայաստանի Վաճառականների միությունում հիմնադրվեց Սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության ծառայությունը: Վաճառականների միությունը հրատարակում էր «Զարկերակ» շաբաթաթերթը, որի մեկ էջը կրում էր «Սպառողը շուկայի թագավորն է» խորագիրը և մշտապես անդրադառնում էր սպառողի շահերի և իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրներին ու հարցերին: Առաջարկվում էին համապատասխան լուծումներ: Մեր երկրում սպառողական շարժման հիմնադիրները փորձի փոխանակման ակնկալիքով ակտիվորեն համագործակցում էին Ռուսաստանի, ՈՒկրաինայի և Բելոռուսիայի սպառողների շահերի պաշտպանների համատեղ հրատարակության «ՍՊՐՈՍ» ամսագրի խմբագրակազմի հետ: Այս ամենի արդյունքում 1995 թ. հիմնադրվեց «Աննա» կին սպառողի շահերի պաշտպանության միությունը: 1997 թ.-ից գործում են կազմակերպության ինչպես Երևանի, այնպես էլ մարզային կառույցները` իրենց մասնաճյուղերով: Հանրապետության երեք մարզերում` Արարատում, Լոռիում և Շիրակում, ինչպես նաև Երևանում, ասոցիացիայի կառույցներն աշխատանքում հմտանալով, վերագրանցվել և գործում են իբրև ինքնուրույն կառույցներ, որոնք այժմ արդեն Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի կազմում են: Նույն այդ մարզերում և մայրաքաղաքում ասոցիացիան կրկին մասնաճյուղեր է հիմնել` տեղերում սպառողական շարժման աշխատանքներում նոր մարդկանց ներգրավելու և գործունեությունն ավելի ակտիվացնելու սկզբունքով: Կազմակերպությանն անդամագրվում են կամավորության սկզբունքով:
1997 թվականին միության նախագահ Մելիտա Հակոբյանը մասնակցել է FAO-ի` Սննդի համաշխարհային կազմակերպության` Մոնրեալում տեղի ունեցած 16-րդ միջազգային կոնգրեսին` «Սոցիալ-տնտեսական ծանր պայմանների ազդեցությունն ազգաբնակչության առողջության վրա» զեկույցով: Մեր երկրի ներկայացուցչի զեկույցն արժանացել է ոչ միայն կոնգրեսի, այլև Կանադայի զանգվածային լրատվամիջոցների ուշադրությանը: Նորանկախ հանրապետությունում սպառողական շարժման ձեռքբերումների, խնդիրների և ծրագրերի մասին ելույթները բացառիկ հնարավորություն էին օվկիանոսից այն կողմ ներկայացնելու ժողովրդավարության ուղին որդեգրած Հայաստանի Հանրապետությունը:
1998 թվականին «Աննա» կին սպառողի շահերի պաշտպանության միությունն անդամագրվել է Սպառողների համաշխարհային ասոցիացիային` CI-ին: 1999-ին միությունը վերանվանվել է «Աննա» սպառողների ազգային ասոցիացիա: Նույն թվականին ազգաբնակչության շրջանում համապատասխան քարոզչության արդյունքում Սպառողների ազգային ասոցիացիայի փորձագետների և իրավաբանների ջանքերով մշակված «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքի նախագիծը» արժանացել է ՀՀ Կառավարության հավանությանը, ապա, 2001 թ. հունիսի 6-ին, ԱԺ արտահերթ նիստում օրենքն ընդունվել է և ՀՀ նախագահի վավերացմամբ ուժի մեջ մտել 2002 թվականի հունվարի 1-ից:
2000 թվականին ասոցիացիան Ամերիկայի Միացյալ Նահանգներում մասնակցել է §Քաղաքակիրթ հասարակության զարգացման¦ միջազգային ծրագրին: Ասոցիացիայի նախագահն ու փոխնախագահը 2002 թվականին Հռոմում մասնակցել են Սննդի համաշխարհային կազմակերպության` FAO-ի վեհաժողովին: Ասոցիացիան համագործակցում է Բոննի «Սպառողների շահերի և իրավունքների պաշտպանության միության»` Aqv-ի հետ: Շարունակական է համագործակցությունը ԱՄՆ-ի, Կանադայի, Ռուսաստանի և արտասահմանյան համապատասխան այլ կազմակերպությունների հետ:
Սպառողների ազգային ասոցիացիան բազմիցս մասնակցել է տարածաշրջանային վեհաժողովների: Հարկ է նշել, որ մեր կառույցը մշտապես ամենահզորն է ճանաչվել տարածաշրջանում թե գիտական ներուժով, թե գործունեության ծավալներով: Ասոցիացիայի մասնագետները ներգրավվում են ՀՀ Կառավարության, Ազգային ժողովի, ինչպես նաև քաղաքապետարանների ու մարզպետարանների առանձին հանձնաժողովների աշխատանքներին` ներդրում ունենալով բազմաթիվ օրենքների և օրինագծերի մշակման և լրամշակման աշխատանքներին: Կարևորվում են ուղղակի հանդիպումները ազգաբնակչության հետ մարզերում և մայրաքաղաքում:
2000-2001թթ. ասոցիացիան ստեղծել է սպառողների իրավունքների պաշտպանության ավտոմատացված տեղեկատվական համակարգը` ԱՏՀ-ն:
2001-2002 թթ. ասոցիացիան իրականացրել է «Հիվանդի իրավունքների պաշտպանության մասին» օրենքի նախագծի լայնածավալ քարոզարշավ ՀՀ ողջ տարածքում: Օրենքի նախագիծը ներկայացված է ՀՀ ԱԺ և ՀՀ Կառավարություն:
2003-2004 թթ. ասոցիացիան իրականացրել է սպառողների իրավունքների պաշտպանությանը նվիրված լայնածավալ քարոզարշավ հօգուտ ազգաբնակչության սպառողական գիտակցության բարձրացման և համապատասխան գիտելիքների ձևավորման:
Տարիների ընթացքում բազմաթիվ պայմանագրեր և համաձայնագրեր են կնքվել պետական ու հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև այն լաբորատորիաների հետ, որոնք կարող են օգտակար լինել երկիր ներմուծվող և մեր երկրից արտահանվող սննդամթերքի որակը միջազգային ստանդարտներին հնարավորինս մոտեցնելուն ուղղված` Սպառողների ազգային ասոցիացիայի առաքելությունն իրականացնելու հարցում:
Կազմակերպվել են կոնֆերանսներ սպառողների շահերի պաշտպանությամբ շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ: Ասոցիացիայի մասնագետները մասնակցել են «Երեխաների կոնվենցիայի» քննարկմանը և ընդունմանը: Ասոցիացիան սերտորեն համագործակցում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև Ստանդարտների ազգային ինստիտուտի հետ: Սպառողների ազգային ասոցիացիան նպաստել է «Ստանդարտացման», «Սերտիֆիկացման», «Չափաբանության» մասին ՀՀ օրենքների ընդունմանը:
Ասոցիացիայի մասնագետներն ակտիվորեն մասնակցել են «Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան սպառողների շահերի պաշտպանության համակարգ ապահովելու հայեցակարգի» մշակմանը` կարևորելով այն փաստը, որ հայեցակարգը մշակելիս չեն անտեսվել ասոցիացիայի հատկապես այն առաջարկները, որոնք վերաբերում են մատաղ սերնդին սպառողական գիտելիքների ուսուցանմանն ու այդ ուղղությամբ ԶԼՄ-ների հետ համապատասխան աշխատանքին: Հայեցակարգը հաստատվել է և պետության աջակցությամբ վերջապես հնարավորություն կստեղծվի իրականացնելու ասոցիացիայի մասնագետների կողմից տարիներ ի վեր մշակված, բայց թղթին մնացած բազմաթիվ ծրագրեր: Դրանց թվում են, օրինակ, «Սպառողական գիտելիքների հիմունքները» դասագիրքը, մշտական հեռուստաժամը Հանրային Հեռուստատեսության եթերում և այլն:
20 տարվա ընթացքում Սպառողների ազգային ասոցիացիայի կողմից իրականացվող գործունեության առանձնահատկությունները.
- 1997 թ.-ից ասոցիացիան ստանձնել է ՀՀ-ում իր տեսակի մեջ առաջին և միակ տեղեկատվական, վերլուծական, խորհրդատվական §Սպառող¦ ամսագրի հրատարակումը,
- գործում է ասոցիացիայի «Մարքեթինգի և մոնիթորինգի» բաժինը,
- իրականացվում է ՀՀ ներմուծվող, տեղում արտադրվող և երկրից արտահանվող սննդամթերքի, լայն սպառման ապրանքների որակի և պիտանիության վերահսկում,
- իրականացվում են տեղական արտադրողների խորհրդատվություն և լավագույնների խրախուսում` ի նպաստ հայրենական շուկայում տեղական արտադրանքի գերակայության,
- 2003 թվականին ասոցիացիան հիմնադրել է «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա իրավաբանական անձանց միությունը», որտեղ միևնույն նպատակի շուրջ, այն է` սպառողական ինստիտուտի վերջնական կայացումը մեր երկրում, միավորվել են մի խումբ գործող հասարակական կառույցներ (Ակադեմիան իրականացնում է «50 լավագույն արտադրողներ» ծրագիրը, որը նույնպես ուղղված է տեղական արտադրության խթանմանը մեր երկրում),
- կազմակերպվում են դասախոսություններ, սեմինարներ, կլոր սեղաններ և կոնֆերանսներ,
- ասոցիացիայի ներկայացուցիչները պարբերաբար հրավիրվում են միջազգային կոնֆերանսների ու սեմինարների,
- ԶԼՄ-ների միջոցով պարբերաբար իրականացվում է սպառման ոլորտի հիմնախնդիրների վերլուծություն,
- 2003-2007 թթ. «Երևան» հեռուստաընկերության եթերում պարբերաբար հեռարձակվում էր «Սպառողի իրավունքը» հաղորդաշարը,
- կրթական ծրագրերի շրջանակում նախապատրաստվել է հրատարակության «Սպառողների իրավունքների հիմունքները» դասագիրքը` երկու մեթոդական մշակումներով,
- գործում են ասոցիացիայի խորհրդատվական և իրավաբանական ծառայությունները:
Թե 20 տարի առաջ, թե այսօր սպառողական շարժման ջատագովների գլխավոր նպատակը սպառողական ինստիտուտի վերջնական կայացումն է ի նպաստ Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության պահպանման, ապագա առողջ սերնդի ձևավորման: Միայն այդպես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կլինի օրենսդրորեն պաշտպանված և վերջնականապես տեղեկացված սեփական իրավունքների մասին: