Ինչպես հավաքել ուտելի բույսեր և դեղաբույսեր

Ինչպես հավաքել ուտելի բույսեր և դեղաբույսեր

Ուտելի բույսերն ու դեղաբույսերը պետք է հավաքել դանակի օգնությամբ: Տերևների վարդակն անհրաժեշտ է կտրել հիմքի մոտից այնպես, որպեսզի արմատը հնարավորինս չվնասվի: Օրինակ, սինդրիկ (սողոմոնի կնիք) հավաքելիս կոճղարմատը հարկավոր է պահպանել, որպեսզի նոր ընձյուղներ առաջանան և ոչ թե ընձյուղը հանել կոճղարմատի հետ միասին: Բույսերը հեշտությամբ իրենց մեջ կուտակում են օդում, հողում և ջրում առկա վնասակար նյութերը, ահա թե ինչու չի կարելի դրանք հավաքել քաղաքային պուրակներում և մայթեզրերին: Այդ վայրերում հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր հստակ գիտակցելով քաղաքային միջավայրի աղտոտվածության փաստը, այնուամենայնիվ չեն խուսափում հավաքել այնտեղ աճող բույսերը իրենց և ընտանի կենդանիների սննդում օգտագործելու նպատակով: Չի կարելի հավաքել աղբանոցների հարևանությամբ աճող բույսերն ու դեղաբույսերը: Իսկ միջպետական, միջհամայնքային ճանապարհների հարևանությամբ դրանք հավաքելիս պետք է պահպանել առնվազն 100 մետր հեռավորությունը: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև քամու ուղղությանը: Սարերում, երբ քամին վերից վար է փչում, իսկ ճանապարհը ներքևում է գտնվում, որոշակիորեն պահպանվում է բույսերի անվտանգությունը տրանսպորտային միջոցների աշխատանքի հետևանքով առաջացող արտանետումներում առկա տոքսիկ նյութերից: Շատ վտանգավոր է այգիները թունաքիմիկատներով մշակելու ժամանակաշրջանում դրանց շրջակայքից ուտելի բույսեր և դեղաբույսեր հավաքելը: Չի կարելի բույսեր հավաքել այն տարածքներում, որտեղ պարարտանյութեր են կուտակվում: Այդ վայրերում վտանգավոր են հատկապես ազոտ պարունակող պարարտանյութերը: Այդտեղ աճող բույսերը խոշոր են, գրավիչ են հավաքողի աչքի համար, բայց մեծ վտանգ են ներկայացնում առողջությանը: Մշակվող դաշտերում պետք է խուսափել հավաքել մոլախոտերի միջև աճող բույսերն ու դեղաբույսերը, քանի որ գարնանը դաշտերը սովորաբար պարարտացվում են այնպիսի պարարտանյութերով, որոնք մոլախոտերի դեմ պայքարելու նպատակով հարստացվում են հերբիցիդներով: Վտանգավոր է նաև անտառներից և դրանց շրջակայքից դեղաբույսեր և ուտելի բույսեր հավաքելն այն առումով, որ հանարավոր են անտառային ծածկույթների համատարած սրսկումներ ինքնաթիռներից: Իսկ եթե եղանակը քամոտ է, թունաքիմիկատները կարող են թափանցել անտառային ծածկույթը շրջապատող տարածքներ: Բացի այն, որ բույսեր հավաքելիս պետք է շատ ուշադիր լինել, պետք է զգոն լինել նաև դրանք տեղափոխելիս: Հնարավոր է, որ բույսի այս կամ այն հիվանդությունն ի հայտ գա հավաքելուց հետո, հատկապես, պոլիէթիլենային պարկերում որոշ ժամանակ գտնվելու արդյունքում: Սինթետիկ պարկերը նպաստավոր են այդ հիվանդությունների արագ զարգացման առումով: Եթե տանն արդեն բույսի վրա փառ, կետեր կամ այլ կասկածելի նշաններ եք հայտնաբերում, այդ հատվածներն անմիջապես հեռացրեք կամ, որ ավելի լավ է, ընդհանրապես մի օգտագործեք այդ բույսը սննդում: Բույսեր հավաքելիս միշտ պետք է հիշել բնության հնարավորությունների մասին: Բնության բարիքներին պետք է զգուշությամբ և խնամքով վերաբերվել, որպեսզի դրանք բարեբեր լինեն ոչ միայն մեզ, այլ նաև ապագա սերունդների համար: Անհրաժեշտ է հավաքել բույսերի ու դեղաբույսերի տեսանելի` հողից դուրս գտնվող հատվածը միայն, որպեսզի հետագա սերունդներին անապատ չթողնենք:


16 Դեկտեմբերի 2022, ՈՒրբաթ | 696

Վերջին հրապարակումները