Ստանդարտացման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.05.2004
Հոդված 1. «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (9 նոյեմբերի 1999 թվականի, ՀՕ-18) 1-ին հոդվածը «կանոնակարգում է» բառից հետո լրացնել «տեխնիկական կանոնակարգերի եւ» բառերով։

Հոդված 2 . Օրենքի 2-րդ հոդվածում՝

1) «դ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«դ) ստանդարտ՝ իրավասու մարմնի կողմից ընդունված փաստաթուղթ, որով սահմանվում են համընդհանուր եւ բազմակի կիրառման համար կանոններ, ցուցումներ կամ արտադրանքի համար բնութագրեր կամ դրանց հետ կապված արտադրման գործընթացներ եւ մեթոդներ, որոնց համապատասխանությունը պարտադիր չէ։ Այն կարող է ընդգրկել նաեւ տերմինաբանությանը, փաթեթավորմանը, պայմանանշաններին, արտադրանքի մակնշմանը կամ պիտակավորմանը ներկայացվող պահանջներ.».

2) «զ» եւ «է» ենթակետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«զ) տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության դասակարգիչ՝ փաստաթուղթ, որով սահմանվում են դասակարգման օբյեկտների եւ դրանց ենթաբազմության կոդերի ու անվանումների հավաքածուները, եւ որը պարտադիր է կիրառման պետական տեղեկատվական համակարգերի եւ տեղեկատվական շտեմարանների ստեղծման ու միջգերատեսչական տեղեկատվության փոխանակման ժամանակ.

է) ստանդարտացման ազգային մարմին՝ ստանդարտացման բնագավառում կառավարության լիազորած պետական կառավարումն իրականացնող մարմին.».

3) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ «թ» եւ «ժ» ենթակետեր`

«թ) ստանդարտների ազգային ինստիտուտ՝ ստանդարտացման ազգային մարմնի ենթակայության կազմակերպություն, որն իր լիազորության սահմաններում իրականացնում է պետական քաղաքականություն ստանդարտացման բնագավառում.

ժ) ռիսկի աստիճան՝ մարդու կյանքին եւ առողջությանը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ու պետական գույքին, կենդանիների եւ բույսերի կյանքին եւ առողջությանը, շրջակա միջավայրին, այդ թվում՝ կենդանական եւ բուսական աշխարհին վնաս պատճառելու հավանականություն` հաշվի առնելով այդ վնասի ծանրությունը (չափերը):»։

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետում՝

1) «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ա) մարդու կյանքի եւ առողջության, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ու պետական գույքի, կենդանիների եւ բույսերի կյանքի, առողջության, շրջակա միջավայրի, այդ թվում՝ կենդանական եւ բուսական աշխարհի անվտանգությունը.».

2) «է» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«է) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը.»։

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Ստանդարտացման գործընթացի մասնակիցներն են ստանդարտացման ազգային մարմինը, պետական այլ մարմիններ, ստանդարտների ազգային ինստիտուտը, ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովները, ինչպես նաեւ իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:».

2) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետ՝

«4. Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներն իրականացնում են միջազգային, միջպետական ստանդարտների փորձաքննության եւ ազգային ստանդարտների մշակումը։

Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներում ընդգրկվում են պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց, գիտատեխնիկական, ինժեներական, հասարակական եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների կազմը ձեւավորվում է կամավոր հիմունքներով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից։»:

Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31 -րդ հոդվածով՝

«Հոդված 31 . Ստանդարտացման սկզբունքները

Ստանդարտացումն իրականացվում է հետեւյալ սկզբունքներին համապատասխան՝

ա) ստանդարտների կամավոր (ոչ պարտադիր) կիրառում, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված դեպքի.

բ) ստանդարտների մշակման ժամանակ շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության ապահովում.

գ) ազգային ստանդարտների մշակման համար որպես հիմք միջազգային ստանդարտների կիրառում, բացառությամբ այն ստանդարտների, որոնցում անհրաժեշտ է հաշվի առնել աշխարհագրական, կլիմայական եւ հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը.

դ) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին հակասող ստանդարտների ընդունման անթույլատրելիություն:»:

Հոդված 6. Օրենքի 2-րդ գլխի անվանումը «փաստաթղթերը,» բառից հետո լրացնել «տեխնիկական կանոնակարգերը,» բառերով:

Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ա) ստանդարտացման կանոնները, ուղեցույցները.».

2) «դ» ենթակետը «տեխնիկատնտեսական» բառից հետո լրացնել «եւ սոցիալական» բառերով.

3) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետ`

«3. Ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման, ընդունման եւ կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»:

Հոդված 8. Օրենքի 8-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Տեխնիկական կանոնակարգերն են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ընդունված, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները, որոնցով սահմանված են ստանդարտացման օբյեկտների վերաբերյալ տեխնիկական պահանջները եւ, անհրաժեշտության դեպքում, այդ պահանջներին համապատասխանության գնահատման ընթացակարգերը, ինչպես նաեւ տերմինաբանությանը, փաթեթավորմանը, պայմանանշաններին, արտադրանքի մակնշմանը կամ պիտակավորմանը ներկայացվող պահանջները։

2. Տեխնիկական կանոնակարգերն ընդունվում են մարդու կյանքի եւ առողջության, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ու պետական գույքի, կենդանիների եւ բույսերի կյանքի եւ առողջության, շրջակա միջավայրի պաշտպանության, սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման նպատակներով։ Տեխնիկական կանոնակարգերի ընդունումն այլ նպատակներով չի թույլատրվում։

3. Տեխնիկական կանոնակարգերի մշակման համար հիմք են ընդունվում միջազգային կամ դրանց հետ ներդաշնակ ազգային ստանդարտները՝ ամբողջությամբ կամ մասամբ, այն չափով, որքանով դրանք համապատասխանում են սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջների կատարմանը` հաշվի առնելով աշխարհագրական, կլիմայական եւ հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը։

4. Հաշվի առնելով վնաս պատճառելու ռիսկի աստիճանը` տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են նվազագույն այն անհրաժեշտ պահանջները, որոնք ապահովում են ճառագայթման եւ կենսաբանական անվտանգությունը, պայթյունաանվտանգությունը, հրդեհաանվտանգությունը, մեխանիկական, արդյունաբերական եւ ջերմային անվտանգությունը, էլեկտրաանվտանգությունը, միջուկային եւ ճառագայթումային անվտանգությունը, ինչպես նաեւ սարքերի եւ սարքավորումների անվտանգության ապահովման մասով էլեկտրամագնիսական համատեղելիությունը։

5. Տեխնիկական կանոնակարգերի կիրառման նպատակներն իրականացնելու համար դրանք ընդգրկում են արտադրանքի (արտադրանքի խմբերի) կամ ծառայությունների սպառիչ ցանկը, արտադրանքի արտադրման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման, օգտահանման կամ ծառայությունների մատուցման գործընթացները, որոնց վերաբերյալ սահմանվում են պահանջները, տեխնիկական կանոնակարգման օբյեկտի նույնականացման կանոնները: Տեխնիկական կանոնակարգերը կարող են պարունակել դրանց պահանջների կատարումը երաշխավորող ստանդարտների ցանկ։

6. Տեխնիկական կանոնակարգերն ընդգրկում են արտադրանքի կամ ծառայության բնութագրերին, արտադրանքի արտադրման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման եւ օգտահանման կամ ծառայության մատուցման գործընթացներին ներկայացվող պահանջներ, բայց ոչ կոնստրուկտորական եւ կատարմանը ներկայացվող պահանջներ, բացառությամբ այն դեպքերի, երբ, հաշվի առնելով վնաս պատճառելու ռիսկի աստիճանը, կոնստրուկցիային կամ կատարմանը ներկայացվող պահանջների բացակայությամբ չի ապահովվում սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված տեխնիկական կանոնակարգի նպատակները:

Տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են նաեւ ստանդարտացման օբյեկտին ընդունելի համապատասխանության գնահատման, համապատասխանության պարտադիր հավաստման նպատակով նույնականացման առանձնահատկություններ եւ նմուշառման, փորձարկումների կատարման, սերտիֆիկացման մարմինների կողմից սերտիֆիկացված օբյեկտների համապատասխանության հսկողության (եթե դա նախատեսված է համապատասխանության հավաստման ընթացակարգով) իրականացման եւ այլ ընթացակարգեր ու կանոններ, որոնք անհրաժեշտ են տեխնիկական կանոնակարգերի նպատակներին հասնելու համար։

7. Հաշվի առնելով վնաս պատճառելու ռիսկի աստիճանը` տեխնիկական կանոնակարգերում կարող են ընդգրկվել արտադրանքին, դրա արտադրման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման եւ օգտահանման գործընթացներին, ինչպես նաեւ տերմինաբանությանը, փաթեթավորմանը, մակնշմանը կամ պիտակավորմանը ներկայացվող քաղաքացիների առանձին կատեգորիաների (անչափահասների, հղի կանանց, կերակրող մայրերի, հաշմանդամների) պաշտպանության ապահովման պահանջներ։

8. Տեխնիկական կանոնակարգերում չեն կարող ընդգրկվել արտադրանքին ներկայացվող այնպիսի պահանջներ, որոնք այդ արտադրանքի երկարատեւ օգտագործման դեպքում, եւ կախված այլ գործոններից, կարող են վնաս պատճառել մարդկանց կյանքին ու առողջությանը, եւ որոնցով հնարավոր չէ որոշել թույլատրելի ռիսկի աստիճանը։ Այդ դեպքում տեխնիկական կանոնակարգերում կարող են ընդգրկվել հնարավոր վնասների եւ գործոնների մասին սպառողներին տեղեկատվությամբ ապահովելու պահանջներ։

9. Տեխնիկական կանոնակարգերում կարող են ընդգրկվել արտադրանքին, դրա արտադրման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման եւ օգտահանման, տերմինաբանության, փաթեթավորման, մակնշման կամ պիտակավորման գործընթացներին ներկայացվող արտադրանքի ծագման երկրից դուրս կիրառվող հատուկ պահանջներ, եթե դրանց բացակայությունը, կապված տարբեր երկրների կլիմայական եւ աշխարհագրական առանձնահատկությունների ներգործության հետ, կարող են բերել սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված նպատակների անհասանելիությանը։

10. Հաշվի առնելով վնաս պատճառելու գիտատեխնիկական հիմնավորված փաստացի ռիսկի աստիճանը` տեխնիկական կանոնակարգերում կարող են ընդգրկվել այլ երկրների ծագում ունեցող արտադրանքների ներկրումը սահմանափակող, շրջանառության, օգտագործման, պահման, փոխադրման, իրացման եւ օգտահանման գործընթացների, ինչպես նաեւ անասնաբուժական եւ բուսասանիտարական միջոցների վերաբերյալ պահանջներ։

11. Ընդունված տեխնիկական կանոնակարգերն ուժի մեջ են մտնում դրանց հրապարակման պահից առնվազն 6 ամիս հետո։

12. Տեխնիկական կանոնակարգերի նախագծերի ծանուցման եւ հրատարակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»։

Հոդված 9 . Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը «դասիչը» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի դեպքի)» բառերով։

Հոդված 10. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 1-ին կետում «ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով» բառերը փոխարինել «տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության միասնական համակարգի ստանդարտներով» բառերով, եւ ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն ՝

«Սոցիալ-տնտեսական ոլորտի (այդ թվում` կանխատեսումների, վիճակագրական հաշվառման, բանկային գործունեության, հարկման, միջգերատեսչական տեղեկատվության փոխանակման, տեղեկատվական համակարգերի եւ ռեսուրսների ստեղծման) դասակարգիչների մշակման, ընդունման, գործարկման եւ կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։».

2) 2-րդ կետում «ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով» բառերը փոխարինել «տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության միասնական համակարգի ստանդարտներով» բառերով։

Հոդված 11. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 1-ին կետից հանել «(բացառությամբ տեխնիկական կանոնակարգերի)» բառերը.

2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի երկրորդ պարբերությունը, 3-րդ եւ 4-րդ կետերը:

Հոդված 12. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Հայաստանի Հանրապետության ստանդարտների հրատարակման իրավունքը պատկանում է ստանդարտների ազգային ինստիտուտին:

Ազգային ստանդարտների հրատարակումը դրանց տպագրական հրատարակումներն են եւ տեղեկատվական համակարգում ընդհանուր օգտագործման դրանց էլեկտրոնաթվային ձեւերը։».

2) 3-րդ կետի առաջին պարբերությունից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով» բառերը, իսկ երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մասին տեղեկատվությունը եւ դրա տրամադրումը (բացառությամբ տեխնիկական պայմանների) իրականացնում է ստանդարտների ազգային ինստիտուտը՝ պայմանագրային հիմունքներով։ Տեխնիկական պայմանների տրամադրման բացառիկ իրավունքը պատկանում է այդ փաստաթղթի բնօրինակի տնօրինողին։».

3) հանել 1-ին եւ 3-րդ կետերից «տեխնիկական կանոնակարգեր» եւ 3-րդ կետից «(բացառությամբ տեխնիկական կանոնակարգերի)» բառերը:

Հոդված 13. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Ստանդարտացման ազգային մարմինը՝

ա) մշակում եւ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է պետական քաղաքականությունը ստանդարտացման բնագավառում.

բ) համապատասխան շահագրգիռ մարմինների առաջարկությունների հիման վրա նախապատրաստում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ամենամյա ծրագիրը, ինչպես նաեւ տեխնիկական կանոնակարգերի մշակման ծրագիրը.

գ) հաստատում եւ գործողության մեջ է դնում ազգային ստանդարտները.

դ) ընդունում է դասակարգիչները, բացառությամբ 8-րդ հոդվածով նախատեսված սոցիալ-տնտեսական ոլորտի դասակարգիչների.

ե) իրականացնում է տեխնիկական կանոնակարգերի նախագծերի ծանուցումը.

զ) համակարգում է ստանդարտների ազգային ինստիտուտի գործունեությունն իրեն վերապահված իրավասությունների սահմաններում:».

2) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝

«3. Ստանդարտների ազգային ինստիտուտը՝

ա) ընդունում է ազգային ստանդարտները.

բ) ստանդարտացման ազգային համակարգի ստանդարտներով սահմանում է ստանդարտացման աշխատանքների կատարման կազմակերպամեթոդական եւ ընդհանուր տեխնիկական կանոնները, ընթացակարգերը, ինչպես նաեւ միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտների եւ այլ պետությունների ազգային ստանդարտների կիրառման կարգը.

գ) կազմակերպում է միջազգային, միջպետական, ազգային ստանդարտների նախագծերի փորձաքննությունը.

դ) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը ստանդարտացման միջազգային կամ տարածաշրջանային ստանդարտացման կազմակերպություններում.

ե) մասնակցում է միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտացման աշխատանքներին.

զ) հրատարակում է ազգային ստանդարտները.

է) ստեղծում է ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովները եւ համակարգում դրանց գործունեությունը.

ը) ստեղծում եւ վարում է ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդը.

թ) կազմակերպում է ստանդարտացման բնագավառում կադրերի մասնագիտացում եւ վերապատրաստում, համապատասխանության գնահատման բնագավառում՝ մասնագետների համապատասխան ուսուցում եւ որպես փորձագետներ որակավորում, դրանց արդյունքների հիման վրա նշված բնագավառներում շնորհում է համապատասխան վկայագրեր.

ժ) իրականացնում է ազգային ստանդարտների, ստանդարտացման բնագավառի կանոնների, նորմերի եւ հանձնարարականների, ինչպես նաեւ դասակարգիչների, տեխնիկական պայմանների եւ դրանց փոփոխությունների գրանցումը (հաշվառումը):»։

Հոդված 14. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Պարտադիր պետական ֆինանսավորման ենթակա են՝

ա) տեխնիկական կանոնակարգերի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված միջազգային համաձայնագրերով նախատեսված միջազգային, տարածաշրջանային եւ միջպետական տեխնիկական կանոնակարգերի եւ դրանց պահանջների կատարումն ապահովող ստանդարտների մշակումը կամ մասնակցությունը դրանց մշակմանը, ինչպես նաեւ նշված փաստաթղթերի նախագծերի փորձաքննությունը.

բ) Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ամենամյա ծրագրում նախատեսված ազգային ստանդարտների մշակումը.

գ) դասակարգիչների մշակումը.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտացման կազմակերպությունների աշխատանքներին մասնակցելու համար այդ կազմակերպություններին անդամավճարների մուծումը.

ե) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդի ստեղծումը եւ վարումը։

Սույն հոդվածի 1-ին կետում նշված աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեից եւ օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներից:»:

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման տասներորդ օրվանից: 




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

19.06.2004
ՀՕ-81