Արագ սնունդ, դանդաղ մահ

Առաջնորդվելով Սպառողների միջազգային կազմակերպության այս տարվա կարգախոսով, որն է` "Առողջ սննդակարգ", սպառողներին մեկ անգամ ևս ներկայացվում է արագ սնունդն իր հնարավոր բոլոր վտանգավոր հետևանքներով:

Գաղտնիք չէ, որ կյանքի ռիթմն այլընտրանք չի թողնում ժամանակակից մարդուն, ու վերջինս աստիճանաբար մոռացության է մատնում ճաշին մատուցվող առաջին, երկրորդ ուտեստները, կոմպոտներն ու բնական հյութերը` այս բոլորը համատեղելով մեկ սննդատեսակի մեջ: Խոսքն արագ սննդի մասին է:
Այսօր բժիշկները տարբերում են արագ սննդի երկու տեսակ` վնասակար և շատ վնասակար:

Արագ սննդի վտանգավորությունը պայմանավորված է նախ և առաջ չափից շատ կալորիաների առկայությամբ և վիտամինների բացակայությամբ: Պատճառն այն է, որ մարդիկ արագ սնվելուց զատ կարիք ունեն նաև հագենալու, հետևաբար փոքր չափաբաժինը պիտի պարունակի բոլոր այդ կալորիաները: Եվ որպեսզի այցելուն ցանկանա վերադառնալ տվյալ վաճառքի սրահը, պիտի կարողանալ գայթակղել նրան համով ու բույրով, ինչն ամենից լավ արվում է շատ ճարպի ու քաղցրի միջոցով: Ի դեպ, համով հարստացվում են ոչ միայն համբուրգերները, չիփսերն ու պաղպաղակը, այլև սովորական թվացող վարունգն ու լոլիկը, կանաչիներն ու հազարը, որոնց գումարվում են նաև այսօր չարիք համարվող սոուսներն ու մայոնեզը: Բավական է սովորական չիփսը դնել թղթի վրա համոզվելու համար, թե որքան ճարպեր ու յուղեր է այն պարունակում: Այս ճարպը սնում է միայն մկանները և երբեք էներգիա չի ապահովում մտավոր աշխատանքի համար, ուստի այսօր, երբ մենք ավելի քիչ ենք շարժվում ու հիմնականում աշխատում ենք գրասենյակներում, սա միայն ճարպակալման կարող է հանգեցնել: Արագ սնունդը բացասաբար է ազդում հատկապես էնդոկրին և սիրտանոթային համակարգի վրա` մեծացնելով իշեմնիկ հիվանդության և աթերոսկլերոզի ռիսկը:
Կարևոր է նաև, թե ինչպես է յուրացվում սնունդը: Մասնավորապես` արագ սնունդը, որպես կանոն, ուտում ենք ոտքի վրա, շարժման մեջ` անտեսելով դանդաղ ու երկար ծամելու անհրաժեշտությունը: Հաճախ նման սննդի ընդունումը զուգակցում ենք գազավորված ըմպելիքների հետ մի քանի անգամ մեծացնելով վտանգը: Դրանցում արհեստական քաղցրացնող նյութերից ամենաշատն օգտագործվում է ասպարտամը (E 951), որը շաքարից (սախարոզ) քաղցր է 180-200 անգամ: Այն կազմում է աշխարհում արտադրվող արհեստական քաղցրացնող նյութերի 25 %-ը: Ասպարտամը գենետիկորեն ստացված պատրաստուկ է` կազմված երկու ամինաթթվի` ասպարագինի և ֆենիլալանինի խառնուրդից: Ցելսիուսի 30 աստիճանի պայմաններում այն տրոհվում է մեթանոլի, ֆորմալդեհիդի, մրջնաթթվի և ֆենիլալանինի:
Սովորաբար, ասպարտամային ըմպելիքները չեն հագեցնում ծարավը, քանի որ թուքը բերանի խոռոչի լորձաթաղանթից դժվարությամբ է հեռացնում դրա մնացորդները: Այդ է պատճառը, որ նման ըմպելիքից հետո բերանում ի հայտ է գալիս տտիպության և ծարավի զգացում, ինչը դրդում է ըմպելիքի նոր բաժին ընդունել: Այսինքն` ասպարտամային ըմպելիքները ոչ թե հագեցնում, այլ արթնացնում են ծարավը: Բացառված չէ, որ գազային ըմպելիքներ արտադրողները միտումնավոր են ասպարտամ օգտագործում:

Ինչ հաճախությամբ ուտել

Սա կախված է առաջին հերթին առողջությունից: Եթե առկա են մարսողական համակարգի խնդիրներ, ապա արագ սնունդն ընդհանրապես հակացուցված է: Նման ուտելիքը ցանկալի չէ նաև հիպերտոնիայով և շաքարային դիաբետով հիվանդների համար: Իսկ եթե դուք առողջ եք, արագ սննդի մասին հիշեք ոչ հաճախ, քան շաբաթը մեկ:
Գիտնականներն ապացուցել են, որ արագ սննդում պարունակվող ճարպերի ու շաքարի հաճախակի ընդունումն իր հետ բերում է քիմիական կախվածություն այնպես, ինչպես ծխախոտից ու թմրադեղերից: Նաև կասկած չի հարուցում այն փաստը, որ համբուրգերներն ու գազավորված ըմպելիքները միասին ավելի վտանգավոր են, քան առանձին-առանձին: Սակայն սա չի նշանակում, որ ամեն ինչ անդառնալի կորած է: Ելքը խիստ ու մի քիչ տանջող դիետան է:

Երեխան և արագ սնունդը

Արագ սնունդն առավելապես վնասում է երեխաներին, որոնք համարվում են նման սննդատեսակների հիմնական սպառողն աշխարհում: Բանն այն է, որ նրանց դեռևս լիովին չձևավորված օրգանիզմն անմիջապես է արձագանքում, այսպես ասած, ափսեի պարունակությանը, ինչով սովորաբար պայմանավորված են ճարպակալումը, էնդոկրին և իմունային համակարգերի խանգարումները, նաև ֆիզիկական և մտավոր թերզարգացածությունը, որն ի հայտ է գալիս ավելի ուշ:

Փաստեր արագ սննդի մասին

1. Միացյալ Նահանգներում արագ սննդի արտադրության վրա ավելի շատ գումար է ծախսվում, քան կրթության, երաժշտության, ֆիլմերի, գրքերի, թերթերի ու ամսագրերի տպագրության, համակարգիչների արտադրության վրա միասին վերցրած:
2. Արագ սննդի կետերում օգտագործվում է սառեցված միս, որի կորցրած բույրն ու համը վերականգնվում են արհեստական միջոցներով:
3. ԱՄՆ-ում ճարպակալումից մահացությունը զիջում է միայն ծխելու հետևանքով մահացությանը:
4. Արագ սննդի հասցրած վնասը կրկնակի է դառնում, երբ դրանով սնվելն ուղեկցվում է աղմուկով կամ բարձր երաժշտությամբ, էլ չենք ասում ականջակալներից հնչող բարձր ձայների մասին:
5. Հաշվարկված է, որ Արագ սննդի կետերում յուրաքանչյուր օր քաղցը հագեցնում է մոլորակի բնակչության մեկ տոկոսը:




Օրգանական պարարտանյութեր

Օրգանական պարարտանյութերին են պատկանում գոմաղբը, թռչնաղբը, մարդաղբը, կենսահումուսը, տորֆը, կոմպոստները, կանաչ պարարտանյութերը և այլն: Սրանք պարունակում են բույսի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ սննդատարրեր, բարելավում են հողի կառուցվածքը, օդային և ջրային ռեժիմները, հարստացնում հողն օգտակար մանրէներով և օրգանական նյութերով:
Գոմաղբը պարունակում է ազոտ, ֆոսֆոր, կալիում, մագնեզիում, կալցիում, երկաթ, ցինկ, պղինձ և այլ տարրեր: Հարուստ է օրգանական նյութերով և օգտակար մանրէներով:
Գոմաղբի որակը պայմանավորված է կենդանու տեսակով, պահպանման պայմաններով և ժամկետով: Մեծ քանակով ազոտ, ֆոսֆոր և կալիում պարունակվում է ոչխարի գոմաղբում և թռչնաղբում: Ամենաարժեքավորն աղավնու և թռչնի ծերտն է:
Ստորև բերված է որոշ կենդանական պարարտանյութերում հիմնական սննդատարրերի պարունակությունը (կգ/100 կգ թաց զանգվածի հաշվով):  

Օրգանական պարարտանյութեր

Ազոտ

Ֆոսֆոր

Կալիում

Գոմաղբ

ոչխարի

0.86

0.47

0.67

ձիու

0.59

0.28

0.63

տավարի

0.54

0.23

0.50

խոզի

0.45

0.19

0.60

թռչնաղբ

1.5

1.5

0.80

մարդաղբ

1.1

0.26

0.22

Տորֆ

վերին շերտ

0.35

0.03

0.03

ցածր շերտ

1.05

0.14

0.07

Գոմաղբի մեջ պարունակվող սննդատարրերի և օրգանական նյութերի մատչելիությունը կախված է նրա քայքայման, փտման աստիճանից: Որքան լավ է այն քայքայված, այնքան բարձր է օգտակար նյութերի յուրացումը բույսերի կողմից: Ընդ որում, գոմաղբի պարարտացնող ազդեցությունը հողում պահպանվում է մի քանի տարի:
Չքայքայված գոմաղբի օգտագործումը որոշ դեպքերում կարող է վնասել բույսերին, օրինակ` եթե հող է մտցվում չքայքայված ծղոտի հետ համակցված թարմ գոմաղբ, ապա առաջին երկու ամսվա ընթացքում գոմաղբի ազոտը ծախսվում է ծղոտի քայքայման վրա, ինչի հետևանքով բույսերն ազոտի քաղց են զգում:
Կիսաքայքայված գոմաղբ օգտագործելիս` հողում հանքային ազոտի քանակն անմիջապես բարձրանում է, քանի որ ծղոտի հիմնական զանգվածը գոմաղբի պահպանման ընթացքում արդեն քայքայվել է: Որքան լավ է քայքայված գոմաղբը, այնքան բարձր է բերքի հավելումը:
Շատ կարևոր է գոմաղբի ճիշտ պահպանումը: Ոչ մեծ և փուխր կույտերով պահպանելիս` գոմաղբը շուտ չորանում է, իսկ միջի եղած ազոտը ցնդում է կամ լվացվում անձրևաջրերով: Շատ ավելի վատ է, երբ աշնանը գոմաղբը շաղ է տրվում հողի մակերեսին: Այս դեպքում գոմաղբի օգտակարությունը դառնում է անիմաստ, քանի որ նրա միջից ազոտը, ֆոսֆորը, կալիումը և այլ տարրեր լվացվում են անձրևաջրերի կամ հալքի օգնությամբ:
Գոմաղբը ճիշտ հասունացնելու համար նախ գետնին 2-3 մ լայնությամբ պետք է փռել տորֆ կամ մանրացված ծղոտ (20-25 սմ շերտով), այնուհետև վրան ավելացնել գոմաղբ` 1.0-1.5 մ բարձրությամբ: Կույտը տափանելուց հետո այն պետք է ծածկել տորֆով կամ ծղոտով, ապա` հողով: Գոմաղբը համարվում է հասունացած, երբ նրա մեջ ցամքարի և կերի կոշտ մնացորդները լրիվ քայքայվում են, իսկ կույտն ունենում է մուգ գորշավուն երանգ:
Գոմաղբով հողի պարարտացումը և մշակաբույսերի սնուցումը կախված են հողի տեսակից, բնակլիմայական պայմաններից, մշակաբույսի տեսակից, զարգացման փուլից և մի շարք այլ գործոններից: Այնուհանդերձ նշենք, որ լոլիկի ցանքատարածությունների համար այն միջին հաշվով կազմում է 20-30, վարունգի համար` 60-70, կաղամբի և սոխի համար` 30-40, աշնանացան ցորենի համար` 15-20, կարտոֆիլի և խաղողի համար` 40, պտղատուների համար` 30 տ/հա:
Պետք է զգուշանալ թարմ գոմաղբի օգտագործումից: Օրինակ` գազարի ցանքերում թարմ գոմաղբի կիրառումը կտրուկ նվազեցնում է արմատապտուղների որակը: Խորհուրդ չի տրվում նաև թարմ գոմաղբով սնուցել սոխը և սեղանի այլ արմատապտուղներ:
Նպատակահարմար չէ կիրառել մեկ շաբաթ և ավելի ժամկետում խմորված գոմաղբը, քանի որ այդ ընթացքում ամոնիակային ազոտի զգալի մասը ցնդում է: Ավելի լավ է գոմաղբաթուրմը պատրաստել առավոտյան, օրվա ընթացքում պարբերաբար խառնել, իսկ երեկոյան օգտագործել` ջրով 7-10 անգամ նոսրացնելուց հետո:
Թռչնաղբը կարելի է կիրառել վաղ գարնանը 0.5 կգ/քմ նորմով: Լավ արդյունք է տալիս մշակաբույսերի սնուցումը թռչնաղբաթուրմով: Թաց ծերտով թուրմ պատրաստելուց հետո այն պետք է օգտագործել 12-15, իսկ չորացած ծերտով պատրաստելիս` 18-20 անգամ ջրով նոսրացնելուց հետո:
Տորֆը պարունակում է բավարար քանակով ազոտ, սակայն այն մշակաբույսերի համար քիչ մատչելի է: Մյուս կողմից տորֆի մեջ շատ քիչ է ֆոսֆորի և կալիումի քանակը: Տորֆի արդյունավետության բարձրացման նպատակով այն օգտագործվում է կոմպոստների տեսքով` գոմաղբի, գոմաղբաթուրմի, մարդաղբի, ֆոսֆորիտային ալյուրի, կրի, մոխրի կամ այլ օրգանական և հանքային պարարտանյութերի հետ համատեղ:
Տորֆագոմաղբային կոմպոստների արդյունավետությունը զգալիորեն մեծանում է, երբ 1 բաժին գոմաղբը խառնվում է 5-8 բաժին տորֆի մեջ:
Մարդաղբը հարուստ է ազոտով, որի 70-80 տոկոսը կազմում է բույսի կողմից շատ հեշտ յուրացվող ամոնիակային ազոտը:  Նախքան օգտագործելը մարդաղբը պետք է վարակազերծել, քանի որ այն կարող է պարունակել հիվանդաբեր բակտերիաներ և հելմինտների ձվեր: Այդ պատճառով խորհուրդ է տրվում պատրաստել տորֆային կոմպոստ, որի հասունացման ընթացքում ջերմաստիճանի բարձրացման հետևանքով (+60օ և ավելի) հելմինտների ձվերը ոչնչանում են:
Օրգանական և օրգանահանքային կոմպոստները շատ օգտակար են: Սրանց մեջ սննդանյութերը վերափոխված են առավել մատչելի ձևերի: Բացի դրանից օդի ազոտը ֆիքսող բակտերիաների գործունեության շնորհիվ` կոմպոստներում երբեմն ավելանում է ազոտի քանակը:
Ոչ մեծ այգիների և տնամերձ հողամասերի համար կարևոր նշանակություն ունեն հավաքածու կոմպոստները, քանի որ սրանք թույլ են տալիս լիովին օգտագործել բոլոր թափոնները` փրերը, բուսական մնացորդները, մոլախոտերը, չոր տերևները, տաշեղները, ծղոտը, օրգանական կենցաղային աղբը և այլն:
Կոմպոստների պարտադիր բաղադրամասերից են տորֆը կամ հողը, տիղմը:
Կոմպոստացումը պետք է կատարել ջուր չկուտակվող տեղանքներում կամ, ավելի լավ է, խրամատներում, ուր կոմպոստը քիչ է չորանում, հավասարաչափ է խոնավանում և արագ է հասունանում: Խրամատի լայնությունը պետք է լինի 1.5-2.0 մ, խորությունը` 0.8-1.0 մետր: Հատակին պետք է փռել տորֆ կամ հող` 20-25 մ շերտով, այնուհետև նույն հաստությամբ` կոմպոստանյութ: Շերտավորումը պետք է կատարել հաջորդաբար` ամեն անգամ խոնավացնելով ջրով կամ գոմաղբահեղուկով: Դարսակույտի բարձրությունը պետք է լինի 1.5-2.0 մ` վերջում ծածկված 15 սմ-ից ոչ պակաս հաստություն ունեցող տորֆով կամ հողով:
Եթե կոմպոստում շատ են տաշեղները, ծղոտը, ապա անհրաժեշտ է ավելացնել ազոտական պարարտանյութ (10 կգ փայտանյութին` 300-350 գրամ ամոնիակի սուլֆատ): Կոմպոստի հասունացումը կախված է կոմպոստացվող նյութերի տեսակից և քանակից: Այն կարող է տևել 3-24 ամիս, ընդ որում բաղադրանյութերը 2-3 ամիս անց հարկավոր է խառնել: Կոմպոստի միատարրությունը, գազերի առկայությունը վկայում են նրա պատրաստ լինելու մասին:
Հելմինտների ձվերի լրիվ ոչնչացման համար տորֆամարդաղբային կոմպոստները պետք է հնացնել 2 տարուց ոչ պակաս:
Հավաքածու կոմպոստներն ավելի լավ է հողը մտցնել գարնանը, իսկ մնացածները` աշնանը:
Կոմպոստների ծախսի նորմը նույնն է, ինչ գոմաղբինը:
Կենսահումուսը ստացվում է գոմաղբից կալիֆոռնիական կարմիր որդերի միջոցով: Այն պարունակում է 40-60 տոկոս հումուս, 10-20 տոկոս ազոտ, 1-3 տոկոս ֆոսֆոր, 1.3-2.3 տոկոս կալիում, 4.5-8.0 տոկոս մագնեզիում, 0.5-2.3 տոկոս երկաթ, 0.5-2.5 տոկոս պղինձ: Մեկ տոննա գոմաղբից ստացվում է 600 կգ կենսահումուս:
Կենսահումուսը նպաստում է սերմերի ծլունակությանը, կտրոնների արմատակալմանը, սածիլների կպչողականությանը, բերքի ավելացմանը, բույսերի դիմադրողականության բարձրացմանը, բերքի հասունացման ժամկետների կրճատմանը: Սրանով հողի պարարտացման նորմը մեկ հեկտարի համար կազմում է 3.0-3.5 տոննա:
Մեկ տնկիի համար նախատեսված է 4.0-5.0 կգ, պտղատու ծառի համար` 10.0 կգ, սածիլների համար և կարտոֆիլների բներում` 100 գրամ, կանաչեղենի 1 քմ մակերեսին` 500 գրամ կենսահումուս:

Լևոն Աճեմյան
Սպառողների ազգային ակադեմիայի գյուղդեպարտամենտի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու



ԽՈՐՀՈՒՐԴ “ՄԱՏՉԵԼԻ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆԸ” ՀԵՏԵՎՈՂ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՄԱՆՐԱԹԵԼԵՐ

Հաճախ են գովազդային հերոսները սրտացավ դեմքով հորդորում գնել այս կամ այն արհեստական հիմքով իրերը` հագուստներ կամ անկողնային պարագաներ, որոնք հավասարաչափ արտադրվում են մեծահասակների, երեխաների, անգամ նորածինների համար: Չի ասվում ոչ մի բառ դրանց վտանգավորության մասին, նաև չի նշվում, որ հետևանքները կարող են երկարատև և անդառնալի լինել:

Կար ժամանակ, երբ մարդկությունը հանգիստ քնում էր փետուրե կամ բրդե անկողիններում, առողջ էր և չէր մտածում անկողնային պարագաների արտադրության մեջ օգտագործվող նյութերի վնասակարության մասին: Այսօր տանտիրուհիներից շատերն են կանգնում ընտրության առաջª գնել արհեստական, մասնավորապեսª սենտիպոնե անկողին, թե այն պատրաստել տատական մեթոդներովª բրդովª պնդելով, որ անկողինը պետք է շնչի, լինի ջերմակայուն: Ընտրությունը հաճախ հիմնավորվում է ոչ միայն նորաձևությամբ, այլև գնով, քանի որ բնական նյութերից կարված անկողիններն անհամեմատ թանկ են:
Սինտեպոնը, որի արտադրության մեջ կիրառվում են պոլիմերային մանրաթելեր, կարծես ամենուր էª անկողնային պարագաներում, մանկական ու մեծահասակների հագուստներում, բաճկոններում, փափուկ խաղալիքներում: Այս նյութի լայն տարածումը պայմանավորված է մի շարք գործոններովª թեթև է, չի դեֆորմացվում, հեշտորեն լվացվում և չորացվում է: Սակայն, այս ամենով հանդերձ, այն խորհուրդ չի տրվում օգտագործել հատկապես երեխաների համար, որոնց մաշկը նուրբ է և առավել հակված զանազան ալերգիաների: Ոմանց կարծիքով սինտեպոնը հարմար է նրանով, որ ձմռանն ապահովում է համապատասխան ջերմություն, իսկ ամռանը, ճիշտ հակառակը, դրանով զով է:
Մասնագետների մեկ այլ խումբ էլ անվերապահորեն մերժում է սինտեպոնի կիրառումը կենցաղումª բոլորովին անիմաստ համարելով թեթև ու շնչող բնական նյութերից ծածկոցների փոխարինումը դրանցով: Ինչ խոսք, կա արհեստական նյութերի որոշակի քանակ, որը թույլատրելի է համարվում, քանի որ հիմնականում օգտագործվում է գործվածքի արտաքին գեղեցիկ տեսքը երկար պահպանելու համար:

Խորհուրդներ
Մանկական հագուստ գնելը ծնողներից պահանջում է առավել ուշադրություն և տեղեկացվածություն, նաև պրոֆեսիոնալ մոտեցում: Այս գործընթացը պահանջում է ժամանակ, գումար և ջանքեր: Առաջարկվող տեսականին բազմազան է, ընտրությունըª բարդ: Ինչ խոսք, հրաշալի է, երբ վաճառողն իր գործի գիտակն է ու սպառողին կարող է հանգամանորեն ներկայացնել վաճառվող ապրանքներն ու ճիշտ կողմնորոշել: Սակայն նույն վաճառողը կարող է նաև օգտվել սպառողի քիչ տեղեկացվածությունից, ուստի գնորդը պիտի  կարդա ապրանքի պիտակը, որը պարտադիր պիտի պարունակի տեղեկություն այն մասին, թե տվյալ հագուստն ինչ բաղադրիչ նյութերից է կազմված:
Գրեթե բոլոր վաճառասրահներում էլ կարելի է գտնել բնական նյութերից կարված հագուստներ: Բնական մանրաթելերն աճեցվում են բնական ճանապարհով և քիմիական մշակման չեն ենթարկվում, հետևաբար մաշկի համար առողջական խնդիրներ չեն առաջացնում: Սրանցից կարված հագուստը թույլ է տալիս մաշկին ազատ շնչել, չի գունազրկվում և երկար պահպանում է արտաքին տեսքը: Սակայն չի կարելի ժխտել, որ մասնավորապես Հայաստանում ընտրությունը մեծամասամբ ապրանքի գնով է պայմանավորվում:
Անհերքելի է, որ բնական մանրաթելերի ստացման համար անհրաժեշտ են ժամանակ, հսկայական տարածքներ, հատուկ կլիմայական պայմաններ: Այս ամենը մեծացնում է ծախսերը և բարձրացնում վերջնական արտադրանքի գինը, հետևաբար մասնագետները փորձում են գտնել ավելի կարճ և էժան ճանապարհներ, որոնք հիմնականում լի են մի շարք վտանգներով: Դրանից վնասվում են շրջակա միջավայրը, մարդկանց առողջությունը:   
Մինչև երկու տարեկան երեխաների համար արհեստական մանրաթելերից կարված հագուստն ընդհանրապես պետք է բացառել, թեև դրանից հետո էլ այն ցանկալի չէ: Առհասարակ լավ է, որ հագուստը, ոչ միայն երեխաների, այլև մեծերի, լինի բնական նյութերիցª բամբակից, տրիկոտաժից, մորթուց, բրդից, թեև վերջինս կարող է ալերգիա հարուցել: Բայց եթե վերնահագուստի դեպքում ինչ-որ զիջումների կարելի է գնալ, ապա բացարձակ անընդունելի տարբերակ է ներքնազգեստիª ոչ բնական նյութից լինելը, ինչը կարող է պատճառ դառնալ մի շարք անդառնալի հետևանքների հատկապես տարվա շոգ եղանակին: 

 

Օգտակար խորհուրդներ նիտրատների ավելցուկից և թունաքիմիկատների մնացորդներից ազատվելու համար

1.         Հողում ազոտական թթվի աղերիª նիտրատների առաջացումը նորմալ պրոցես է: Նիտրատները շատ լավ լուծվում են ջրում և մշակաբույսերի արմատներից հեշտությամբ անցնում են տարբեր օրգանների, նաև բերքի մեջ:
2.         Առանց նիտրատների պտուղ-բանջարեղեն չի լինում: Նորմից բարձր նիտրատների քանակ ի հայտ է գալիս միայն ազոտական պարարտանյութերի չարաշահումից:
3.         Օրգանիզմում նիտրատները փոխակերպվում են նիտրիտների, որոնք էլ հիմք են հանդիսանում մի շարք վտանգավոր նյութերի առաջացման համար:
4.         Բերքի մեջ նիտրատների բարձր մակարդակից խուսափելու համար մշակաբույսերի սնուցումն ազոտական պարարտանյութերով պետք է կատարել միայն կանոնակարգով: Բաց գրունտում սնուցումն անհրաժեշտ է դադարեցնել առաջին բերքահավաքից մեկ ամիս, իսկ պաշտպանված գրունտումª մեկ և կես ամիս առաջ:
5.         Տերևային բանջարեղենը պետք է քաղել միայն երեկոյան ժամերին, երբ դրանցում նիտրատների պարունակությունը հասնում է նվազագույնի: Ավելին, եթե օգտագործելուց առաջ բանջարեղենը կտրատեք և 2-4 ժամ պահեք ջրում, ապա դրանում նիտրատների մակարդակը կնվազի 20-30 %-ով:
6.         Հնարավորության սահմաններում պտուղներն ու արմատապտղային բանջարեղենը, կաղամբն ու կարտոֆիլն օգտագործելուց առաջ պետք է պահել սենյակային պայմաններում, քանի որ այդ ընթացքում նիտրատների և թունաքիմիկատների մնացորդների քայքայման պրոցեսը դեռևս շարունակվում է:
7.         Ընտրեք միջին մեծության պտուղներ և բանջարեղեն. խոշորները կարող են ինտենսիվ պարարտացման հետևանք լինել:
8.         Նիտրատների ավելցուկից ազատվելու համար անհրաժեշտ է հեռացնել բազուկի և բողկի վերին քառորդ մասը, գազարի երկու ծայրերըª 1.5 սմ երկարությամբ, կաղամբի մակերեսային տերևները և կոթունը: Հենց նշված տեղերում է կատարվում նիտրատների ինտենսիվ կուտակում:
9.         Գազարի խոշոր պտուղները, մակերեսի վրա ճաքերի և սպիտակ միջուկի առկայությունը վկայում են ինտենսիվ պարարտացման մասին:
10.       Նիտրատների ավելցուկի դեպքում մաղադանոսի և համեմի տերևները լինում են մուգ կանաչ գույն:
11.       Ձմերուկը կտրելուց հետո պետք է օգտագործել: Կտրած ձմերուկի պահպանման ընթացքում նիտրատները վերածվում են ավելի վտանգավոր նյութերիª նիտրիտների:
12.       Թունավորումից խուսափելու համար մի գնեք երկար ժամանակ արևի տակ մնացած ձմերուկներ:
13.       Ձմերուկի միջուկում սպիտակ բծերի առկայությունը վկայում է նիտրատների ավելցուկի մասին:
14.       Նիտրատների ամենաբարձր կուտակում տեղի է ունենում ջերմատնային բանջարեղենում, ինչն ազոտական պարարտանյութերի չարաշահման, վատ լուսավորության և ցածր ջերմաստիճանի հետևանք է:
15.       Նիտրատների կուտակման առավելագույն հատկությամբ օժտված են հազարը, մաղադանոսը, թրթնջուկը, նեխուրը, սպանախը, բողկը, ամսաբողկը, բազուկը: Միջին հատկությամբ օժտված են կաղամբը, գազարը, կարտոֆիլը, իսկ նիտրատների ամենացածր մակարդակ ունեն լոլիկը, վարունգը, տաքդեղը, սմբուկը, ոլոռը, լոբին, մրգերն ու հատապտուղները: Ելակն ավելցուկային նիտրատ ընդհանրապես չի պարունակում:
16.       Պտուղների և բանջարեղենի մեջ չներթափանցող թունաքիմիկատներ չկան:
17.       Նախքան օգտագործելը պտուղները և բանջարեղենը պետք է լավ լվանալ հոսող ջրի տակ: Այս դեպքում թունաքիմիկատների մնացորդները դրանց մակերեսից լրիվ հեռանում են:
18.       Եթե կարտոֆիլը կտրելուց հետո մգանում է 2 րոպեի ընթացքում, ապա պալարներում առկա է նիտրատների բարձր քանակ: Նորմալ է համարվում կտրած կարտոֆիլի մգացումը 5 և ավելի րոպեի ընթացքում:
19.       Օրգանիզմում նիտրատներից նիտրիտների առաջացման պրոցեսը կանխարգելելու կամ նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ է աղցաններին ավելացնել կիտրոնի, նարնջի կամ նռան հյութ, ինչպես նաև ձիթապտղի յուղ:

Լևոն Աճեմյան
Սպառողների ազգային ակադեմիայի գյուղդեպարտամենտի ղեկավար

 

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԾՈՎԱՓՆՅԱ ՀԱՆԳԻՍՏԸ ՆԱԽԸՆՏՐՈՂ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ
ԱՐԵՎԸ` ԲԱՐԵԿԱՄ ՈՒ ԹՇՆԱՄԻ

Արևը ջերմություն է, լույս, կյանք, բայց սա չի նշանակում, որ այն կարելի է չարաշահել: Արևի ճառագայթները կարող են հավասարաչափ և օգնել, և վնասել, եթե դրանք սխալ են ՙօգտագործվում՚: Երբեմն, չիմանալով ջրից օգտվելու պարզագույն կանոնները, ծովափին հանգստացողները դառնում են այդքան ցանկալի արևայրուքի զոհն ու սպասված գեղեցկության փոխարեն վաստակում տհաճ ու ցավոտ այրվածքներ:

Արևի օգուտները
1.         Արևային երկրներում ապրողներն ավելի քիչ են հիվանդանում ռևմատոիդ արթրիտով (այս հիվանդության ժամանակ իմունային համակարգն ազդում է հոդերի վրաª առաջացնելով ցավեր): Պատճառն արևի տակ արտադրվող վիտամին D-ի դրական ազդեցությունն է օրգանիզմի վրա: Սա, իհարկե, չի նշանակում, որ ողջ օրը պետք է անցկացնել արևի տակ պառկած:
2.         Արևի լույսը թեթևացնում է ցրված սկլերոզի նախանշանները: Այս հիվանդությունը հատկապես քիչ է հանդիպում արևադարձային երկրներում ապրող մարդկանց մոտ: Ցրված սկլերոզ հիվանդության ժամանակ օրգանիզմի իմունային համակարգը կործանում է նյարդաթելերի միելինային թաղանթները` ընդունելով դրանք որպես օտար մարմին, ինչի հետևանքով հիվանդների մոտ զարգանում են զգայունության և շարժունակության խանգարումներ: Հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է 30 տարեկանից բարձր անձանց մոտ:
3.         ՈՒլտրամանուշակագույն ճառագայթները բարձրացնում են մարդու տրամադրությունը, օրգանիզմի դիմադրողականությունը, կարգավորում արյան շրջանառությունը ներքին օրգաններում, իսկ վիտամին D-ի ներթափանցումը մաշկի մեջ ամրացնում է ոսկորները և կանխում քաղցկեղային բջիջների առաջացումը: Այս վիտամինի պակասից երեխաներն ավելի հաճախ են կարիես ունենում:

Արևի վնասները
1.         Արևահարումից մաշկի վրա կարող են ի հայտ գալ նորագոյացություններ, որոնք հետագայում կարող են վերածվել քաղցկեղի:
2.         Չափազանց մեծ քանակով ուլտրամանուշակագույն ճառագայթների ընդունումը կարող է մի շարք վնասներ հասցնել օրգանիզմին:
3.         Սխալ տեսակետ կա, թե ջրում մնալը պաշտպանում է արևից: Ճիշտ հակառակը, ջրում երկար մնալը հանգեցնում է այրվածքների:
4.         Երեխաները կարող են այրվածք ստանալ նույնիսկ ստվերում, քանի որ նրանց մաշկը չափազանց նուրբ է:
5.         Արևային լոգանքը կարող է ալերգիայի և այլ հիվանդությունների պատճառ դառնալ, քանի որ արևահարման հետևանքով կարող են ի հայտ գալ տարբերª մինչև այդ գաղտնի հիվանդություններ:
6.         Արևի տակ երկար մնալը վնաս է հատկապես բաց գույնի աչքեր, մաշկ ու մազեր ունեցողներին:

Խորհուրդներ
1.         Արևային լոգանք կարելի է ընդունել միայն մինչև ժամը 11-ը և ժամը 17-ից հետո, երբ արևի ճառագայթները նվազ ակտիվ են: Կեսօրին արևի ճառագայթներն ուղիղ ընկնում են մաշկի վրա, ավելի խորն են թափանցում և առավել շատ են վնասում մաշկը:
2.         Արևային լոգանքից առաջ հարկավոր է մեծ քանակով հեղուկ ըմպել և մաշկին քսել համապատասխան քսուքներ:
3.         Դեմքն անհրաժեշտ է պաշտպանել գլխարկով և մուգ ապակիներով ակնոցով:
4.         Արևայրուք պետք է ընդունել աստիճանաբարª սկսելով օրը 5-10 րոպեից:
5.         Արևի տակ երկար մնալ խորհուրդ չի տրվում հատկապես շատ խալեր ունեցողներին:
6.         Արևայրուք ստանալու համար մեծահասակին անհրաժեշտ է 20-30, երեխային` 5-7 րոպե:
7.         Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ծովափնյա հանգստի ժամանակ օգտագործվող սննդին, որը ևս կարող է ազդել առողջության, մասնավորապես` մաշկի վրա: Հատկապես թթուն և կծուն կարող են գրգռել մաշկը, ինչը բացասական ազդեցություն կունենա մաշկի վրա արևայրուք ընդունելիս:
8.         Եթե այնուամենայնիվ արևն արդեն բացասաբար է ազդել, և առաջացել են խնդիրներ, ապա հարկավոր է ոչ թե զբաղվել ինքնաբուժությամբ, այլ դիմել մասնագետի օգնությանը:

Արհեստական արևայրուք կամ սոլյարի
Արևի տակ ժամերով պառկելու փոխարեն կարելի է նույնն անել ծովից հեռու, քաղաքում, շատ կարճ ժամանակում արհեստական ճանապարհով: Գայթակղիչ է, բայց` վտանգավոր: Պատճառները շատ են: Ճառագայթահարումից մաշկը ջրազրկվում է, չորանում: Ուլտրամանուշակագույն ճառագայթների երկարատև ազդեցությունից կարող են առաջանալ այրվածքներ, նաև չարորակ ուռուցքներ:
Սոլյարիից օգտվել խորհուրդ չի տրվում մաշկային խրոնիկ հիվանդություն ունեցողներին, հղիներին, հակաբեղմնավորիչներ օգտագործողներին և այլն: Թեև սոլյարիի սրահներում կիրառվում են պաշտպանիչ միջոցներ խալերն ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելու նպատակով, այդուհանդերձ մասնագետները պնդում են, որ սրանից վտանգն ամբողջովին չի կանխվում, և բարորակ գոյացությունները կարող են դառնալ չարորակ:

Որ տոնը փորձանք չդառնա

Ամանորի ամենաանցանկալի հյուրերը շտապ օգնության ծառայության աշխատակիցներն են, եթե նրանք իրենց մասնագիտական պարտքն են կատարում: Ի՞նչ անել, որ տոնն ավարտվի նույն խնդությամբ, որով պատրաստվել ենք նրան դիմավորելուն:

Մասնագետները խորհուրդ են տալիս հատկապես Ամանորին չչարաշահել սնունդն ու խմիչքը, սնվել չափավոր: Չի կարելի խառնել տարբեր կերակրատեսակները և ծանրաբեռնել ստամոքսը: Անհամատեղելի են սունկն ու գինին, սունկն ու կաթնամթերքը, որոնք կարող են գրգռել ստամոքսը: Նախապատվելի է ճարպոտ սնունդը` միսը, ձկնեղենը, փոխարինել շոգեխաշած մթերքներով: Պարտադիր պայման է ճաշատեսակների եփման ժամանակ անհրաժեշտ ջերմային ռեժիմի պահպանումը: Սննդամթերքի համի ու արտաքին տեսքի (կողմնակի հոտ, համ, բորբոս, գույնի փոփոխություն) փոփոխության դեպքում այն պետք է գցել առանց վարանելու:

Տոնական սեղանների զարդ համարվող խմորեղենն ու բազմազան տորթերն ունեն պահպանման կոնկրետ ժամկետներ, որոնց խստագույնս հետևելը կազատի մի շարք գլխացավանքներից: Առաջին հերթին պետք է հիշել, որ առանց հավելանյութերի պատրաստված մթերքների պիտանելիության ժամկետն անհամեմատ կարճ է հավելանյութերով պատրաստվածներից: Աշխատեք մտապահել, որ բնական հումքից պատրաստված կրեմով տորթերը կարելի է պահել 36 ժամից ոչ երկար 2-6 C պայմաններում: Մրգային տորթերի և սուֆլեի պիտանելիության ժամկետը 3, վաֆլե տորթերինը 30 օր է: Պահել կարելի է +18 աստիճանում: Փխրուն խմորեղենը պիտանի է 7 օր: Եփած կրեմով խմորեղենն առողջությունը չի վնասի 5, հարած սերուցքովը` 7, կաթնաշոռային կրեմովը՝ 24 ժամ: Որակյալ կարագով թխված տորթերը պիտանի են 36, սպիտակուցային կրեմով և մրգային հավելումներովը` 72 ժամ: Մրգային ջեմով խմորեղենը կարելի է պահել մինչև 7 օր:

Տոնի մյուս կարևոր սննդային բաղադրիչն աղցանն է, որի պահպանման ժամկետներին չհետևելը ևս կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների: Սրանք սառնարանում թույլատրելի է պահել 24 ժամ, իսկ բուսական յուղով, մայոնեզով կամ թթվասերով պետք է համեմել միայն մատուցելուց առաջ, որպեսզի հնարավորինս կանխվեն սննդային թունավորումները:

Ինչ վերաբերում է ավանդական խոզի բդի պահպանմանը, ապա այն սեղանին կարելի է պահել 72 ժամ, որից հետո ճաշակել կարելի է միայն տապակելուց հետո:

Չմոռանանք մսային նախուտեստների մասին: Ամանորին սրանք բազմազան են, գեղեցիկ մատուցված, ու մինչ մենք զբաղված ենք տոնով ու շրջապատված մտերիմներով, անցնում են օրերն ու երևի մոռանում ենք կամ, որ ավելի վատ է, անտեսում ենք հանգամանքը, որ երշիկ-բաստուրմաները մնում են սեղանին սենյակային ջերմաստիճանում մի քանի օր շարունակ: Տանտիրուհիներին երբեմն անհանգստացնում է մատուցվող տոնական ուտեստների արտաքին տեսքը միայն, իսկ որ դրանք կարող են փչանալ ու վնասել այն ճաշակողներին, պարզում ենք միայն ցավոտ հետևանքներից հետո: Սրան էլ գումարվում են այդ օրերին մեծ պահանջարկ վայելող անհայտ ծագման հյութերն ու գազավորված ըմպելիքները, և պատկերն ամբողջական է դառնում:

Չեն բացառվում նաև թունավորումները պահածոներից: Առավել անվտանգ են գործարանային պայմաններում պատրաստվածները, որոնցում բարձր ճնշման արդյունքում ոչնչանում է բոտուլիզմի հարուցիչը: Տնային պահածոներն օգտագործելուց առաջ ցանկալի է եռացնել 20-25 րոպե:

Ամանորի տոներին թունավորումներից առաջացող բարդություններից խուսափելու լավագույն տարբերակը ժամանակին բժշկի դիմելն է: Թունավորումների առաջին ախտանիշերն են սրտխառնոցը, փսխումը, գլխապտույտը, որովայնի շրջանում սուր ցավերը: Մինչև բժշկի այցը խորհուրդ է տրվում ստամոքսի լվացում կատարել, շատ հեղուկներ խմել:



ԱՆՄԵՂ, ԲԱՅՑ ՈՉ ԱՆՎՏԱՆԳ

Այսօր հայկական շուկան լի է ամենատարբեր խաղալիքներով և ժամանցային խաղերով, որոնք կոչված են երեխայի մոտ զարգացնելու մտավոր, տեխնիկական, գեղագիտական և մի շարք այլ հմտություններ: Խաղալիքի ընտրությունը բարդ հիմնահարց է, քանի որ դաստիարակչական գործոնից զատ այն նաև երեխաների առողջությանը առնչվող գերխնդիր է, որը շատ արդիական է և պահանջում է հետևողական մոտեցում: Ցավոք պետք է նշել, որ հայաստանյան շուկայում գրեթե չկա բացարձակ անտանգ և որակյալ խաղալիք: Այդ շուկան հեղեղված է ամեն տեսակ խաղալիքներով`շատ մեծ և բավականին փոքր, բրդոտ և պատրաստված այլ նյութերից, ձայնով և անձայն, առաձգական, կոշտ և այլն: Խաղալիքները դեռևս հին ժամանակներից պատրաստվել են ամենատարբեր բնական նյութերից (փայտ, գործվածք, թել և այլն), իսկ այժմ կիրառվում են պոլիմերային նյութերը, որոնք տեխնոլոգիական տեսանկյունից չափազանց հարմար են և ենթակա հեշտ մշակման: Սակայն դրանք գունավորվում են զանգվածի մեջ, ինչն առավել անվտանգ է, կամ ներկվում են մակերեսից: Հաշվի առնելով այն, որ երեխաների մեծ մասը խաղալիքները տանում է բերանը և շատ այլ եղանակներով շփման մեջ մտնում դրանց հետ (հոտային, շոշափելիքներ), ապա երեխայի ֆիզիկական առողջությունը նույնպես կարևոր հիմնախնդիր է բարոյահոգեբանականի հետ հավասարապես: Հայաստանում խաղալիքները, համաձայն գործող տեխնիկական կանոնակարգի, ենթակա են պարտադիր սերտիֆիկացման: Կատարվում են գնահատում և սերտիֆիկացում երեխաների համար ֆիզիկական և կենսաբանական տեսանկյունից: Բայց եթե կոնկրետ խմբաքանակը ներմուծման պահին չի սերտիֆիկացվում, իրացումը կատարվում է առանց վերահսկողության, քանի որ ներմուծողը ինքնակամ չի սերտիֆիկացնում ապրանքը: Մանկական խաղալիքներին ներկայացվում են հետևյալ հիմնական պահանջները`

                        Խաղալիք գնելիս անպայման ուշադրություն դարձրեք վերոնշյալ կետերին և պահանջեք վաճառողից խաղալիքի սերտիֆիկատը: Բացակայության դեպքում հրաժարվեք այն գնելուց: Լինելով տեղեկացված և խստապահանջ սպառող` Դուք կստիպեք փոխել վաճառողին իր մոտեցումները` հրաժարվելով անորակ խաղալիքներից և բացառելով դրանց առկայությունը շուկայում:

 

Ինչպես հավաքել ուտելի բույսեր և դեղաբույսեր

Ուտելի բույսերն ու դեղաբույսերը պետք է հավաքել դանակի օգնությամբ: Տերևների վարդակն անհրաժեշտ է կտրել հիմքի մոտից այնպես, որպեսզի արմատը հնարավորինս չվնասվի: Օրինակ, սինդրիկ (սողոմոնի կնիք) հավաքելիս կոճղարմատը հարկավոր է պահպանել, որպեսզի նոր ընձյուղներ առաջանան և ոչ թե ընձյուղը հանել կոճղարմատի հետ միասին: Բույսերը հեշտությամբ իրենց մեջ կուտակում են օդում, հողում և ջրում առկա վնասակար նյութերը, ահա թե ինչու չի կարելի դրանք հավաքել քաղաքային պուրակներում և մայթեզրերին: Այդ վայրերում հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր հստակ գիտակցելով քաղաքային միջավայրի աղտոտվածության փաստը, այնուամենայնիվ չեն խուսափում հավաքել այնտեղ աճող բույսերը իրենց և ընտանի կենդանիների սննդում օգտագործելու նպատակով: Չի կարելի հավաքել աղբանոցների հարևանությամբ աճող բույսերն ու դեղաբույսերը: Իսկ միջպետական, միջհամայնքային ճանապարհների հարևանությամբ դրանք հավաքելիս պետք է պահպանել առնվազն 100 մետր հեռավորությունը: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև քամու ուղղությանը: Սարերում, երբ քամին վերից վար է փչում, իսկ ճանապարհը ներքևում է գտնվում, որոշակիորեն պահպանվում է բույսերի անվտանգությունը տրանսպորտային միջոցների աշխատանքի հետևանքով առաջացող արտանետումներում առկա տոքսիկ նյութերից: Շատ վտանգավոր է այգիները թունաքիմիկատներով մշակելու ժամանակաշրջանում դրանց շրջակայքից ուտելի բույսեր և դեղաբույսեր հավաքելը: Չի կարելի բույսեր հավաքել այն տարածքներում, որտեղ պարարտանյութեր են կուտակվում: Այդ վայրերում վտանգավոր են հատկապես ազոտ պարունակող պարարտանյութերը: Այդտեղ աճող բույսերը խոշոր են, գրավիչ են հավաքողի աչքի համար, բայց մեծ վտանգ են ներկայացնում առողջությանը: Մշակվող դաշտերում պետք է խուսափել հավաքել մոլախոտերի միջև աճող բույսերն ու դեղաբույսերը, քանի որ գարնանը դաշտերը սովորաբար պարարտացվում են այնպիսի պարարտանյութերով, որոնք մոլախոտերի դեմ պայքարելու նպատակով հարստացվում են հերբիցիդներով: Վտանգավոր է նաև անտառներից և դրանց շրջակայքից դեղաբույսեր և ուտելի բույսեր հավաքելն այն առումով, որ հանարավոր են անտառային ծածկույթների համատարած սրսկումներ ինքնաթիռներից: Իսկ եթե եղանակը քամոտ է, թունաքիմիկատները կարող են թափանցել անտառային ծածկույթը շրջապատող տարածքներ: Բացի այն, որ բույսեր հավաքելիս պետք է շատ ուշադիր լինել, պետք է զգոն լինել նաև դրանք տեղափոխելիս: Հնարավոր է, որ բույսի այս կամ այն հիվանդությունն ի հայտ գա հավաքելուց հետո, հատկապես, պոլիէթիլենային պարկերում որոշ ժամանակ գտնվելու արդյունքում: Սինթետիկ պարկերը նպաստավոր են այդ հիվանդությունների արագ զարգացման առումով: Եթե տանն արդեն բույսի վրա փառ, կետեր կամ այլ կասկածելի նշաններ եք հայտնաբերում, այդ հատվածներն անմիջապես հեռացրեք կամ, որ ավելի լավ է, ընդհանրապես մի օգտագործեք այդ բույսը սննդում: Բույսեր հավաքելիս միշտ պետք է հիշել բնության հնարավորությունների մասին: Բնության բարիքներին պետք է զգուշությամբ և խնամքով վերաբերվել, որպեսզի դրանք բարեբեր լինեն ոչ միայն մեզ, այլ նաև ապագա սերունդների համար: Անհրաժեշտ է հավաքել բույսերի ու դեղաբույսերի տեսանելի` հողից դուրս գտնվող հատվածը միայն, որպեսզի հետագա սերունդներին անապատ չթողնենք: