Սպառողների համաշխարհային 20-րդ համագումարը Բրազիլիայում

Սպառողների համաշխարհային 20-րդ համագումարը տեղի է ունեցել Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիայում 2015 թ. նոյեմբերի 18-21-ը:  Այն առաջնորդվում էր «Սպառողների հնարավորությունների լիարժեք բացահայտում. նոր հայացք համաշխարհային շուկային» կարգախոսով: 
Համաշխարհային համագումարում բացման խոսքով հանդես եկավ Բրազիլիայի 36-րդ նախագահ Նորին մեծություն Դիլմա Ռուսեֆը, որը ելույթի սկզբում ջերմորեն ողջունեց ավելի քան 700 պատվիրակներին, որ ժամանել էին ամբողջ աշխարհում գործող սպառողական կազմակերպություններից և պետական մարմիններից: Հայաստանը համագումարում ներկայացնում էր Սպառողների ազգային ասոցիացիայի արտաքին և ներքին հարաբերությունների գծով փոխնախագահ Աննա Նահապետյանը: Բրազիլիայի նախագահին միացան Սպառողների միջազգային ասոցիացիայի` CI, գլխավոր տնօրեն Ամանդա Լոնգը և նախագահ  Ջիմ Գեսթը, Բրազիլիայի Արդարադատության նախարար Խոսե Էդուարդո Կարդոսոն, նույն նախարարության Սպառողների ազգային բյուրոյի քարտուղար Խուլիանա Պերեիրա դա Սիլվան և Ապրանքների ու ծառայությունների միջազգային առևտրի բաժնի տնօրեն Գիլիերմո Վալիեսը, որը մասնակիցներին ներկայացրեց ՄԱԿ-ի 8-րդ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ուղերձը:
Ամանդա Լոնգի բացման խոսքը կոչ էր CI անդամներին միասին աշխատելու` օրեցօր փոփոխվող աշխարհում առավել ազդեցիկ լինելու համար. «Եթե Սպառողների միջազգային ասոցիացիան և նրա անդամները համագործակցեն ավելի արդյունավետ և կարողանան առավել լավ համակարգել քարոզարշավները, ապա մեր գործունեությունը կընդգրկի ավելի շատ ազգերի, իսկ ազդեցությունը կբազմապատկվի»:
Միջոցառումը հագեցած էր սպառողական կարևոր թեմաների վերաբերյալ հուզիչ և հետաքրքիր թեմատիկ նիստերով, նաև ինտերակտիվ քննարկումներով, որոնց ներկա էին սպառողական շարժման փորձագետներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, կառավարության ներկայացուցիչներ և  մասնավոր սեկտորը: Պատվիրակները, ներառյալ CI անդամները, հանդես էին գալիս նոր գաղափարներով, քննարկում գործունեության նոր ուղիներ՝ միաժամանակ ոգևորելով միմյանց`  համատեղ աշխատանքում գլոբալ ազդեցության հասնելու նպատակով: Ողջ աշխարհից հրավիրված անդամները ներկայացրեցին արդեն հաջողություն գրանցած իրենց հետաքրքիր պատմությունները:
Սպառողների համաշխարհային 20-րդ համագումարը նաև առիթ ու հնարավորություն էր նոր համագործակցությունների և համատեղ քարոզարշավներ սկսելու, ինչպես նաև արդեն սկսած աշխատանքները շարունակելու: Ուշադրության արժանի էին Սպառողների շահերի պաշտպանության մասին ՄԱԿ-ի նոր ուղեցույցի ընդունումը, առողջ սննդի և հատկապես մսամթերքում հակաբիոտիկների օգտագործման, կայուն սպառման, նաև անձնական տվյալների պաշտպանության մասին հարցերի քննարկումները:  Կարևոր ու հիշարժան էին հանդիպումներն ավտոմեքենաների անվտանգության վերաբերյալ, որոնց ժամանակ նոր համագործակցություն հաստատվեց CI-ի և World Wide Web Foundation-ի միջև:
Համագումարի վերջին օրը տեղի ունեցան CI  նախագահի և Խորհրդի ընտրությունները: Սպառողների միջազգային ասոցիացիայի նախագահ ընտրվեց Բարթ Քոմբեն: Ներկաները հոտնկայս ծափահարություններով ճանապարհեցին Խորհրդի անդամներին և Սպառողների միջազգային ասոցիացիայի արդեն նախկին նախագահ Ջիմ Գեսթին:



Սպառողների ազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ նկարահանված ֆիլմ արագ սննդի վտանգավորության մասին


Սա բոլորիս տոնն է
Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

Ամեն տարի, մարտի 15-ին, աշխարհը նշում է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը` մեկ անգամ էլ փաստելով, որ ամեն ինչ արվում է վերջիններիս իրավունքները հուսալիորեն պաշտպանելու համար: Օրվա ընտրությունը պայմանավորված է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի` 1961 թ. մարտի 15-ին Կոնգրեսում հնչեցրած պատմական ճառով, որում սահմանվել են բոլոր քաղաքացիների, այսինքն` սպառողների իրավունքները, որոնք են.


Ավելի ուշ Սպառողների միջազգային կազմակերպությունը (Consumer International - CI) այս չորս իրավունքներին ավելացրեց ևս չորսը.
Այս իրավունքները կարգավորում են սպառողների և արտադրողների, սպասարկում ու ծառայություն իրականացնողների միջև ծագած հարցերը, վերականգնում կյանքի անվտանգությանն ու առողջության պահպանմանը միտված, սակայն ոտնահարված իրավունքները: Սպառողների իրավունքների հստակ սահմանումը հնարավորություն է տալիս ճիշտ կողմնորոշվելու ծագած խնդիրների լուծման ճանապարհին: Նաև մեծացնում է ցանկությունն ու վճռականությունը թույլ չտալու ոտնահարել սեփական իրավունքները:
Սպառողների միջազգային ասոցիացիան անկախ, ոչ քաղաքական կազմակերպություն է, որը շահույթ չի հետապնդում և ունի ավելի քան 220 անդամ կազմակերպություն 115 երկրներում: Սպառողների միջազգային ասոցիացիան իրականացնում է սպառողների շահերի պաշտպանություն ամբողջ աշխարհում: Նա ներկայացնում է սպառողների շահերը ՅՈՒՆԵՍԿՕ-ում, ՄԱԿ-ի կառույցներում, Եվրախորհրդում, Եվրամիությունում, նաև մի շարք միջազգային կազմակերպություններում, իր անդամներին ցուցաբերում է օգնություն` կապված մասնագիտական կրթության, տեղեկատվության տրամադրման և ընդհանրապես սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության հետ: Սպառողների ազգային ասոցիացիան միջազգային այս կառույցին անդամակցում է 1998 թվականից և նպաստում է մեր երկրում սպառողական շարժման առաջընթացին:
Այսօր արտադրողների, իրացնողների ու սպասարկողների մեծ մասն արդեն հաշվի է նստում իրազեկ, իր իրավունքներն իմացող սպառողների արդարացի պահանջի հետ, ու գործը հիմնականում դատարան չի հասնում: Այս հարցում մեծ է սպառողների շահերի պաշտպանների դերը, մասնավորապես` Սպառողների ազգային ասոցիացիայի բազմապրոֆիլ մասնագետների ջանքերով դրական լուծում է ստանում Ասոցիացիայի հասցեով ստացված դիմում-բողոքների մեծ մասը, ինչի արդյունքում ունենում ենք իրենց խնդիրների լուծման ընթացքից առավելագույնս գոհ մնացած սպառողներ և նվազագույնի հասնող դեռ չլուծված խնդիրներ: Սակայն հանուն ճշմարտության պետք է ասել, որ երբեմն խնդիրներ ծագում են ոչ թե առևտրի կետի կամ ծառայություն մատուցողի, այլ հենց սպառողի մեղքով: Վերջինս շատ լավ գիտի իր իրավունքները, սակայն թերանում է իր պարտավորությունները կատարելիս: Պատճառը թերևս այն է, որ պատկան մարմինները դեռ չեն կարևորում քաղաքակիրթ սպառողին մանկուց ձևավորելու և նրան սպառողական կրթության հնարավորություն տալու անհրաժեշտությունը:
Մարտի 15-ը, իբրև տոն, նշվել է 1983 թ.-ին, իսկ արդեն 1985-ի ապրիլի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է սպառողների շահերի պաշտպանության ուղենիշները, ինչին հաջորդել են սրանց միջազգային ճանաչումն ու լեգիտիմությունը:
Ավանդույթ է դարձել, որ այս տոնն ամեն տարի ունենում է իր կարգախոսը` առաջադրված Սպառողների միջազգային կազմակերպության կողմից: Այս տարի ուշադրության կենտրոնում առողջ սննդակարգն է: Ավելորդ քաշ, արյան բարձր ճնշում, գլյուկոզայի և խոլեստերինի բարձր մակարդակ. ահա մի քանիսն այն հիվանդություններից, որոնց հիմքում անառողջ սնունդն է: Աշխարհն այսօր գիտակցում է, որ սպառողն իրավունք ունի ոչ միայն սնվելու, այլև առողջ սնվելու: Սա նշանակում է, որ սպառողին անպայմանորեն հասանելի պիտի լինի նման սնունդը:
Ավելորդ քաշով և ճարպակալմամբ տառապողների թիվը շարունակում է աճել, և մինչ օրս ոչ մի պետություն չի կարողացել կասեցնել այդ աճը: Համաշխարհային ՀՆԱ-ի վրա ճարպակալման ազդեցությունը համարժեք է պատերազմի, ահաբեկչության և զինված գործողության արժեքին: Սա խնդիր է, որ ազդում է և զարգացած, և զարգացող երկրների բնակչության վրա: Այս խնդրի առաջացման պատճառներից է նաև տեղեկատվության պակասը, որն առողջ սննդակարգ ընտրելը դարձնում է ավելի ու ավելի դժվար:
Սպառողների միջազգային օրվա կապակցությամբ սպառողների շահերի պաշտպանները կոչ են անում ԱՀԿ-ին ընդունելու միջազգային կոնվենցիա` կապված անառողջ սննդակարգի հետ, ինչը կարելի է իրագործել` օգտագործելով նույն մեխանիզմները, ինչ Ծխախոտի վերահսկողության կոնվենցիայի դեպքում, երբ անկասկած հնարավոր եղավ նվազեցնել ծխախոտի հետևանքով մահերը և հիվանդությունները:

Մի շարք երկրներում այս օրն իսկապես տոն է, որը ոչ միայն շնորհավորանքներով է ուղեկցվում, այլև ողջ օրվա ընթացքում ծառայությունը մատուցվում և առևտուրն իրականացվում է զգալի զեղչերով, սպառողներին տրվում են նվերներ` մշտապես կարևորելով նրա դերը ցանկացած բիզնեսի զարգացման մեջ:
Մեր ցանկությունն է, որ երբևէ մեր երկրում ևս այս օրն ընկալվի իբրև լիարժեք տոն, ինչին երկար տարիներ միտված է Սպառողների ազգային ասոցիացիայի և Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա ԻԱՄ գործունեությունը:

Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

Աշխարհի առաջադեմ մարդկությանն այս օրը սպառողական խնդիրները վեր հանելու և դրանց լուծման ճանապարհներ առաջարկելու հնարավորություն է ընձեռվում: Միջազգային սպառողական շարժմանն ինտեգրվելը սպառողական խնդիրների լուծմանն նոր ու քաղաքակիրթ ուղիներ է նախանշում:
Սպառողների ազգային ասոցիացիան և Հայաստանի սպառողների ազգային ակադեմիան 2011 թվականի մարտի 15-ին, միանալով Սպառողների միջազգային ասոցիացիայի կոչին` «Սպառողները արդարացի ֆինանսական ծառայությունների կողմնակից», հորդորում են Հայաստանի իշխանություններին հետամուտ լինել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքով ոլորտում արմատավորվող խնդիրների լուծմանը:
Հայաստանում սպռողական շարժման հիմնադիրները մարտի 15-ը` Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, նշում են մեր երկրում սպառողական շարժման հիմնադրման 20-ամյակի շրջանակում: Տարին հոբելյանական է և սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեության նոր փուլ է նախանշում: Շնորհավորելով Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, հայ սպռողներին մաղթում ենք սպառողական գիտակցությամբ զինվելու կամք և առողջություն:

Թույլ մի՛ տվեք ոտնահարել Ձեր իրավունքները, որոնք ամրագրված են «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրնեքով:

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 20 ՏԱՐԵԿԱՆ Է

Արագ են անցնում տարիները: 20 տարի առաջ Հայաստանի սպառողական շարժման հիմնադիրները, որքան էլ որ պատկերացնում էին դժվարությունները` պայմանավորված փորձի բացակայությամբ և ժամանակի ու իրականության պարտադրանքով, այնուամենայնիվ լծվեցին մեր երկրում սպառողների իրավունքների պաշտպանության գործին: Դժվար ու փորձություններով լի ճանապարհ անցան: Բժիշկ-համաճարակաբան Մելիտա Հակոբյանի գլխավորությամբ ստեղծված համախոհների խումբը նախ և առաջ մտահոգված էր սպառողների առողջությանը սպառնացող վտանգով: Իսկ վտանգը սպառողական շուկայում էր, հատկապես` սննդամթերքի: Այսօր ավելի լավ է չհիշենք, թե ինչ սննդամթերք էր առաջարկվում սպառողներին 1990-ականներին: Տուն էինք տանում, ինչն ուտելի էր, առանց հետևանքների մասին մտածելու: Այն ժամանակ ո՞վ էր պատկերացնում այսօրվա իրավիճակը: Խոսքը սպառողական շուկայի առատության, այդ շուկայում սպառողների ընտրության մեծ հնարավորության և ապրանքը գնելիս ծանր ու թեթև անող գիտակից սպառողի մասին է: Այն ամենը, ինչին Սպառողների ազգային ասոցիացիան հասել է 20 տարվա ընթացքում, միայն երախտագիտության է արժանի: Սպառողական շարժման ջատագովները դեռևս 1991 թվականին հստակ պատկերացնում էին իրենց առաքելությունն ու գիտեին նպատակը, հանուն որի պետք է իրականացնեին իրենց կողմից մշակվող ծրագրերը: Սակայն համապատասխան օրենքի բացակայությունն ավելի էր բարդացնում վիճակը: Շուրջ 10 տարի աշխատեցին սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենքի բացակայությամբ, և հայտնի չէ, թե դեռ որքան կուշանային օրենքի մշակումն ու ընդունումը, եթե այդ գործին ակտիվ մասնակցություն չունենար Սպառողների ազգային ասոցիացիան: 1991 թվականին, սպառողական շարժման հիմնադրման օրից, շարժմանը ներգրավված և այն գլխավորող մասնագետների խումբը պարզ գիտակցում էր սպառողական շարժման առաքելությունը, որն է.
- բարձրացնել սպառողների գիտակցությունը, կրթել նրանց սպառողական գիտելիքներով` հնարավորություն ընձեռելով ճիշտ կողմնորոշվելու և պաշտպանելու սեփական շահերը ապրանքների և ծառայությունների շուկայում,
- պայքարել հանուն ազգաբնակչության առողջության պահպանման և ապագա առողջ սերնդի ձևավորման,
- ԶԼՄ-ների օգնությամբ սպառողներին պարբերաբար ապահովել համապատասխան տեղեկատվությամբ,
- իշխանություններին ներկայացնել առաջարկներ անորակ ապրանքներն ու ծառայությունները շրջանառությունից դուրս բերելուն ուղղված միջոցներ ձեռք առնելու ուղղությամբ,
- իրականացնել ապրանքների և ծառայությունների անկախ փորձաքննություն,
- իրականացնել անկախ փորձաքննություն գործող գների, տարիֆների ու ստանդարտների համապատասխանության վերաբերյալ,
- ներկայացնել սպառողների շահերը պետական կառույցներում:
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո` 2002 թվականի հունվարից, Սպառողների ազգային ասոցիացիան, առաջնորդվելով արդեն գործող օրենքով, հնարավորություն ունեցավ մշտապես վերլուծության ենթարկելու երկրում գործող օրենսդրության և սպառողի շահերին վերաբերող օրենքները, օրենսդրական ակտերն ու որոշումները, մշակելու և համապատասխան առաջարկներ ներկայացնելու դրանց կատարելագործման ուղղությամբ, ինչպես նաև աջակցելու հայրենական որակյալ արտադրողներին և ծառայություն մատուցողներին:
20 տարի անց այս ամենի մասին խոսելն անհամեմատ դյուրին է, մինչդեռ 1991 թվականին սպառողների շահերը պաշտպանելու նպատակով Հայաստանի նորանկախ հանրապետությունում սկիզբ առած հասարակական նախաձեռնությունը հաստատման և կայացման դժվարին և բարդ ուղի պետք է անցներ:
Հայաստանի շրջափակման, արտադրության բացակայության տարիներին ամայացած խանութների կողքին սանիտարահիգիենիկ տարրական նորմերին հակասող պայմաններում ծաղկում էր փողոցային առևտուրը: Վտանգված էր մարդու առողջությունը: 1990-ականների սկզբին ապրանքների և ծառայությունների անկանխատեսելի շուկայում սպառողական շարժման ակտիվի գերխնդիրն էր բարձրացնել հայ սպառողի գիտակցությունը հօգուտ սեփական շահերի օրինական պաշտպանության: Այն ժամանակ համախոհների խումբը` Մելիտա Հակոբյանի գլխավորությամբ, նախ և առաջ ձեռնամուխ եղավ արտասահմանյան երկրների փորձի ուսումնասիրությանը` ծանոթանալով այնտեղ գործող համապատասխան օրենսդրությանը: 1993-ին Մելիտա Հակոբյանի ջանքերով Հայաստանի Վաճառականների միությունում հիմնադրվեց Սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության ծառայությունը: Վաճառականների միությունը հրատարակում էր «Զարկերակ» շաբաթաթերթը, որի մեկ էջը կրում էր «Սպառողը շուկայի թագավորն է» խորագիրը և մշտապես անդրադառնում էր սպառողի շահերի և իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրներին ու հարցերին: Առաջարկվում էին համապատասխան լուծումներ: Մեր երկրում սպառողական շարժման հիմնադիրները փորձի փոխանակման ակնկալիքով ակտիվորեն համագործակցում էին Ռուսաստանի, ՈՒկրաինայի և Բելոռուսիայի սպառողների շահերի պաշտպանների համատեղ հրատարակության «ՍՊՐՈՍ» ամսագրի խմբագրակազմի հետ: Այս ամենի արդյունքում 1995 թ. հիմնադրվեց «Աննա» կին սպառողի շահերի պաշտպանության միությունը: 1997 թ.-ից գործում են կազմակերպության ինչպես Երևանի, այնպես էլ մարզային կառույցները` իրենց մասնաճյուղերով: Հանրապետության երեք մարզերում` Արարատում, Լոռիում և Շիրակում, ինչպես նաև Երևանում, ասոցիացիայի կառույցներն աշխատանքում հմտանալով, վերագրանցվել և գործում են իբրև ինքնուրույն կառույցներ, որոնք այժմ արդեն Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի կազմում են: Նույն այդ մարզերում և մայրաքաղաքում ասոցիացիան կրկին մասնաճյուղեր է հիմնել` տեղերում սպառողական շարժման աշխատանքներում նոր մարդկանց ներգրավելու և գործունեությունն ավելի ակտիվացնելու սկզբունքով: Կազմակերպությանն անդամագրվում են կամավորության սկզբունքով:
1997 թվականին միության նախագահ Մելիտա Հակոբյանը մասնակցել է FAO-ի` Սննդի համաշխարհային կազմակերպության` Մոնրեալում տեղի ունեցած 16-րդ միջազգային կոնգրեսին` «Սոցիալ-տնտեսական ծանր պայմանների ազդեցությունն ազգաբնակչության առողջության վրա» զեկույցով: Մեր երկրի ներկայացուցչի զեկույցն արժանացել է ոչ միայն կոնգրեսի, այլև Կանադայի զանգվածային լրատվամիջոցների ուշադրությանը: Նորանկախ հանրապետությունում սպառողական շարժման ձեռքբերումների, խնդիրների և ծրագրերի մասին ելույթները բացառիկ հնարավորություն էին օվկիանոսից այն կողմ ներկայացնելու ժողովրդավարության ուղին որդեգրած Հայաստանի Հանրապետությունը:
1998 թվականին «Աննա» կին սպառողի շահերի պաշտպանության միությունն անդամագրվել է Սպառողների համաշխարհային ասոցիացիային` CI-ին: 1999-ին միությունը վերանվանվել է «Աննա» սպառողների ազգային ասոցիացիա: Նույն թվականին ազգաբնակչության շրջանում համապատասխան քարոզչության արդյունքում Սպառողների ազգային ասոցիացիայի փորձագետների և իրավաբանների ջանքերով մշակված «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքի նախագիծը» արժանացել է ՀՀ Կառավարության հավանությանը, ապա, 2001 թ. հունիսի 6-ին, ԱԺ արտահերթ նիստում օրենքն ընդունվել է և ՀՀ նախագահի վավերացմամբ ուժի մեջ մտել 2002 թվականի հունվարի 1-ից:
2000 թվականին ասոցիացիան Ամերիկայի Միացյալ Նահանգներում մասնակցել է §Քաղաքակիրթ հասարակության զարգացման¦ միջազգային ծրագրին: Ասոցիացիայի նախագահն ու փոխնախագահը 2002 թվականին Հռոմում մասնակցել են Սննդի համաշխարհային կազմակերպության` FAO-ի վեհաժողովին: Ասոցիացիան համագործակցում է Բոննի «Սպառողների շահերի և իրավունքների պաշտպանության միության»` Aqv-ի հետ: Շարունակական է համագործակցությունը ԱՄՆ-ի, Կանադայի, Ռուսաստանի և արտասահմանյան համապատասխան այլ կազմակերպությունների հետ:
Սպառողների ազգային ասոցիացիան բազմիցս մասնակցել է տարածաշրջանային վեհաժողովների: Հարկ է նշել, որ մեր կառույցը մշտապես ամենահզորն է ճանաչվել տարածաշրջանում թե գիտական ներուժով, թե գործունեության ծավալներով: Ասոցիացիայի մասնագետները ներգրավվում են ՀՀ Կառավարության, Ազգային ժողովի, ինչպես նաև քաղաքապետարանների ու մարզպետարանների առանձին հանձնաժողովների աշխատանքներին` ներդրում ունենալով բազմաթիվ օրենքների և օրինագծերի մշակման և լրամշակման աշխատանքներին: Կարևորվում են ուղղակի հանդիպումները ազգաբնակչության հետ մարզերում և մայրաքաղաքում:
2000-2001թթ. ասոցիացիան ստեղծել է սպառողների իրավունքների պաշտպանության ավտոմատացված տեղեկատվական համակարգը` ԱՏՀ-ն:
2001-2002 թթ. ասոցիացիան իրականացրել է «Հիվանդի իրավունքների պաշտպանության մասին» օրենքի նախագծի լայնածավալ քարոզարշավ ՀՀ ողջ տարածքում: Օրենքի նախագիծը ներկայացված է ՀՀ ԱԺ և ՀՀ Կառավարություն:
2003-2004 թթ. ասոցիացիան իրականացրել է սպառողների իրավունքների պաշտպանությանը նվիրված լայնածավալ քարոզարշավ հօգուտ ազգաբնակչության սպառողական գիտակցության բարձրացման և համապատասխան գիտելիքների ձևավորման:
Տարիների ընթացքում բազմաթիվ պայմանագրեր և համաձայնագրեր են կնքվել պետական ու հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև այն լաբորատորիաների հետ, որոնք կարող են օգտակար լինել երկիր ներմուծվող և մեր երկրից արտահանվող սննդամթերքի որակը միջազգային ստանդարտներին հնարավորինս մոտեցնելուն ուղղված` Սպառողների ազգային ասոցիացիայի առաքելությունն իրականացնելու հարցում:
Կազմակերպվել են կոնֆերանսներ սպառողների շահերի պաշտպանությամբ շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ: Ասոցիացիայի մասնագետները մասնակցել են «Երեխաների կոնվենցիայի» քննարկմանը և ընդունմանը: Ասոցիացիան սերտորեն համագործակցում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև Ստանդարտների ազգային ինստիտուտի հետ: Սպառողների ազգային ասոցիացիան նպաստել է «Ստանդարտացման», «Սերտիֆիկացման», «Չափաբանության» մասին ՀՀ օրենքների ընդունմանը:
Ասոցիացիայի մասնագետներն ակտիվորեն մասնակցել են «Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան սպառողների շահերի պաշտպանության համակարգ ապահովելու հայեցակարգի» մշակմանը` կարևորելով այն փաստը, որ հայեցակարգը մշակելիս չեն անտեսվել ասոցիացիայի հատկապես այն առաջարկները, որոնք վերաբերում են մատաղ սերնդին սպառողական գիտելիքների ուսուցանմանն ու այդ ուղղությամբ ԶԼՄ-ների հետ համապատասխան աշխատանքին: Հայեցակարգը հաստատվել է և պետության աջակցությամբ վերջապես հնարավորություն կստեղծվի իրականացնելու ասոցիացիայի մասնագետների կողմից տարիներ ի վեր մշակված, բայց թղթին մնացած բազմաթիվ ծրագրեր: Դրանց թվում են, օրինակ, «Սպառողական գիտելիքների հիմունքները» դասագիրքը, մշտական հեռուստաժամը Հանրային Հեռուստատեսության եթերում և այլն:

20 տարվա ընթացքում Սպառողների ազգային ասոցիացիայի կողմից իրականացվող գործունեության առանձնահատկությունները.
- 1997 թ.-ից ասոցիացիան ստանձնել է ՀՀ-ում իր տեսակի մեջ առաջին և միակ տեղեկատվական, վերլուծական, խորհրդատվական §Սպառող¦ ամսագրի հրատարակումը,
- գործում է ասոցիացիայի «Մարքեթինգի և մոնիթորինգի» բաժինը,
- իրականացվում է ՀՀ ներմուծվող, տեղում արտադրվող և երկրից արտահանվող սննդամթերքի, լայն սպառման ապրանքների որակի և պիտանիության վերահսկում,
- իրականացվում են տեղական արտադրողների խորհրդատվություն և լավագույնների խրախուսում` ի նպաստ հայրենական շուկայում տեղական արտադրանքի գերակայության,
- 2003 թվականին ասոցիացիան հիմնադրել է «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա իրավաբանական անձանց միությունը», որտեղ միևնույն նպատակի շուրջ, այն է` սպառողական ինստիտուտի վերջնական կայացումը մեր երկրում, միավորվել են մի խումբ գործող հասարակական կառույցներ (Ակադեմիան իրականացնում է «50 լավագույն արտադրողներ» ծրագիրը, որը նույնպես ուղղված է տեղական արտադրության խթանմանը մեր երկրում),
- կազմակերպվում են դասախոսություններ, սեմինարներ, կլոր սեղաններ և կոնֆերանսներ,
- ասոցիացիայի ներկայացուցիչները պարբերաբար հրավիրվում են միջազգային կոնֆերանսների ու սեմինարների,
- ԶԼՄ-ների միջոցով պարբերաբար իրականացվում է սպառման ոլորտի հիմնախնդիրների վերլուծություն,
- 2003-2007 թթ. «Երևան» հեռուստաընկերության եթերում պարբերաբար հեռարձակվում էր «Սպառողի իրավունքը» հաղորդաշարը,
- կրթական ծրագրերի շրջանակում նախապատրաստվել է հրատարակության «Սպառողների իրավունքների հիմունքները» դասագիրքը` երկու մեթոդական մշակումներով,
- գործում են ասոցիացիայի խորհրդատվական և իրավաբանական ծառայությունները:
Թե 20 տարի առաջ, թե այսօր սպառողական շարժման ջատագովների գլխավոր նպատակը սպառողական ինստիտուտի վերջնական կայացումն է ի նպաստ Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության պահպանման, ապագա առողջ սերնդի ձևավորման: Միայն այդպես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կլինի օրենսդրորեն պաշտպանված և վերջնականապես տեղեկացված սեփական իրավունքների մասին:

Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս մարտի 15-ին աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում` Հայաստանում, նշվեց Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Համաձայն ավանդույթի` Սպառողների միջազգային ասոցիացիան (ՍՄԱ) այդ օրը հրապարակեց տվյալ տարին խորհրդանշող իր կոչը` ուղղված առաջադեմ մարդկությանը, անդամ կազմակերպություններին, համապատասխան երկրների կառավարություններին:
Սպառողների ազգային ասոցիացիան, 12 տարի անդամակցելով միջազգային սպառողական կառույցին, այս տարի ևս համապատասխան քայլերով կարձագանքի նրա «Մեր փողերը, մեր իրավունքները» կոչին, որով առաջին պլան են մղվում սպառողներին մատուցվող ֆինանսական ծառայություններին վերաբերող խնդիրները: Սպառողների ազգային ասոցիացիան այս ուղղությամբ մշակված ծրագրերը կիրականացնի ողջ տարվա ընթացքում: Միևնույն ժամանակ, առավելագույնս կարևորելով մանկական սննդին վերաբերող խնդիրները, սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա` մարտի 15-ի կապակցությամբ ասոցիացիայի կողմից իրականացված միջոցառումների շրջանակում այս տարի ևս ուսումնասիրություններ են կազմակերպվել դպրոցական ճաշարաններում և բուֆետներում երեխաներին հրամցվող սնունդը վերահսկելու ուղղությամբ: Նպատակը պարզելն է, թե օրվա որոշակի ժամանակը դպրոցներում անցկացնող երեխաներին ինչ սնունդ է առաջարկվում և որքանով են դպրոցների պատասխանատուները և վերադաս պատկան կառույցներն ուշադրություն դարձնում այս հարցին: Բանն այն է, որ քաղաքակիրթ աշխարհում ընթացող տեխնոլոգիական զարգացումները հաճախ բացասաբար են անդրադառնում առողջ և որակյալ սննդամթերքի արտադրության վրա, և անառողջ սնունդը գրավում է աշխարհը: ՍՄԱ-ն դեռևս 2008 թվականն էր հայտարարել «արագ սննդի» (համբուրգերներ, չիսբուրգերներ, ֆրի, շաուրմա, հոդ-դոգ, կարկանդակներ, կարտոֆիլային չիփսեր, կրեկերներ, գազավորված ըմպելիքներ և այլն) դեմ պայքարի տարի: Սպառողների միջազգային ասոցիացիայի այս կոչին միացել էր նաև հայաստանյան սպառողական շարժումը` ի դեմս Սպառողների ազգային ասոցիացիայի և Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի: Նշենք նաև, որ դեռևս 2008 թվականից գործողության մեջ է դրվել Երևանի քաղաքապետարանի որոշումը դպրոցական բուֆետները կամ ճաշարանները վերականգնելու, սերտիֆիկացնելու և այնտեղ առողջ սնունդ իրացնելու վերաբերյալ: Ահա ինչու 2009-2010 թթ. Սպառողների ազգային ասոցիացիայի ուշադրության կենտրոնում հատկապես դպրոցական բուֆետներում ու ճաշարաններում իրացվող կաթ-կաթնամթերքի, մսամթերքի տեսականու և որակի վերահսկողությունն է, ինչպես նաև գազավորված ըմպելիքների վաճառքը բացառելը: 2010 թվականի մարտի 15-ին Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Սպառողների ազգային ասոցիացիայի և Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի կողմից Երևանի «Արեգնազան» կրթահամալիրում իրականացված ակցիան կարելի է մինչև այդ կատարված ուսումնասիրությունների յուրօրինակ ամփոփում համարել: Ակցիային մասնակցում էին կրթահամալիրի աշակերտները, աշխատանքային կոլեկտիվը, ծնողները, ասոցիացիայի և ակադեմիայի մասնագետները` նախագահ Մելիտա Հակոբյանի գլխավորությամբ: «Արեգնազան» կրթահամալիրի ընտրությունը պատահական չէր: Վերջին մեկ տարվա ընթացքում դպրոցներում կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ երեխաներին առաջարկվող սննդին պատշաճ ուշադրություն է դարձվում և որ կրթահամալիրի ղեկավարությունն այս հարցում հետևողական է: Ի տարբերություն այլ դպրոցների` այստեղ կարևորվում է տեղական արտադրության կաթ-կաթնամթերքի և բնական հյութերի իրացումը: Բացառված են գազավորված ըմպելիքները, անհայտ ծագման կիսաֆաբրիկատները: Տեղում պատրաստվող ճաշատեսակները վաճառվում են մատչելի գներով: Այդ են վկայում նաև ակցիային մասնակից ծնողների հավաստիացումները: Ի դեպ, ծնողները գոհունակություն էին հայտնում նաև կրթահամալիրի ճաշարանի սպասարկման մակարդակից:

Վերադառնանք բուն նյութին: Ակցիա Սպառողների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ: Փաստն առավել տպավորիչ և ընկալելի դարձնելու նպատակով նախօրոք ձևավորվել էր դպրոցի դահլիճը: Փուչիկներ, լոզունգներ, սպառողների 8 հիմնական իրավունքներն արտացոլող պաստառներ: Սպառողների միջազգային ասոցիացիայի հոբելյանի կապակցությամբ ՍՄԱ 50-ամյա պատմությանն անդրադարձավ Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Աննա Նահապետյանը: Նա ներկայացրեց նաև ՍՄԱ հետ համագործակցության փաստերը և այն ծրագրերը, որոնք ամեն տարի իրականացվում են Սպառողների միջազգային օրվա կապակցությամբ: Սպառողների ազգային ասոցիացիայի և Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանն անդրադարձավ շուրջ 13 տարի հայաստանյան կառույցի անդամակցությանը ՍՄԱ-ին, կարևորեց սպառողների իրավունքների պաշտպանության գործընթացներում անդամ երկրների դրական փորձի կիրառությունը, տեղեկացրեց, որ ՀՀ Կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան սպառողների շահերի պաշտպանության համակարգ ապահովելու հայեցակարգը», որով նախատեսվում է դպրոցական ծրագրերում ներառել Սպառողական գիտելիքներ առարկան, ինչը թույլ կտա գիտակից սպառող դաստիարակել մանկուց: Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի Ապրանքների և ծառայությունների որակի վերլուծության պատասխանատու, քիմիկոս, որակի աուդիտոր Միլետա Արիստակեսյանն իր ելույթում անդրադարձավ երեխաների կողմից օգտագործվող սննդի հարցերին, խորհուրդ տվեց առաջնորդվել «Առողջ սնունդ, առողջ սերունդ» կոչով, նշեց, որ երեխաները հաճույքով ճաշակում են «արագ սննդի» ախորժալի, գրավիչ և գունեղ տեսականին, հագեցնում ծարավը հայտնի ու անհայտ ծագման գազավորված ըմպելիքներով` չգիտակցելով, որ զանազան հավելանյութերով հարուստ «արագ սնունդն» անդառնալի վնաս է հասցնում օրգանիզմին ու առողջությանը: Այս ամենի պատճառն սպառողական գիտակցության պակասն է: Սպառողների ազգային ասոցիացիայի Մարքեթինգի և մոնիթորինգային հետազոտությունների պատասխանատու, սննդի որակի աուդիտոր Ֆրունզե Հայթյանը հավաքի մասնակիցներին ներկայացրեց վերջին մեկ տարվա ուսումնասիրությունների արդյունքները, որոնք նույնպես, ցավոք, ապացուցում են հայտնի և անհայտ ծագման գազավորված ըմպելիքների բացասական ազդեցությունը մարդու, հատկապես երեխաների առողջության վրա: Ասոցիացիայի Ծառայությունների սերտիֆիկացման մարմնի փորձագետ Սուրեն Հարությունյանն անդրադարձավ վերջին մեկ տարվա ընթացքում Երևանի բազմաթիվ դպրոցների բուֆետներ ու ճաշարաններ կատարված այցելությունների փաստին, նշեց, որ դպրոցների մեծ մասում երեխաներին պատշաճ սնունդ ապահովելու հարցը ցածր մակարդակի վրա Է: ՈՒշադրություն չի դարձվում իրացվող մթերքների ծագմանը, չի արգելվում գազավորված ըմպելիքների ու կոլաների վաճառքը: Նշվեց նաև, որ այցելությունների վերլուծության արդյունքում Սպառողների ազգային ասոցիացիան դիտողություններ է ներկայացրել մի շարք դպրոցների տնօրենների: Ելույթ ունեցողները մշտապես շեշտը դնում էին երեխաների առողջ ապրելակերպի, առողջ սննդակարգի խնդիրներին, պատասխանում վերջիններիս հարցերին: Սպառողների ազգային ասոցիացիան անառողջ սննդի դեմ պայքարի ուղղությամբ տարիներ շարունակ համապատասխան գործունեություն է իրականացնում և լուրջ արդյունքների է հասել նախ և առաջ հայրենական շուկայից ժամկետանց, առանց մակնշման ապրանքները դուրս մղելու, սպառողների գիտակցության մեջ այդ ուղղությամբ դրական փոփոխություններ սերմանելու առումով: Ժամանակն է, որ սպառողը հստակ գիտակցի անառողջ սննդի բացասական ազդեցությունը: Փաստ է, որ այսօրվա երեխաները երկրի վաղվա տերերն են, և որքան շուտ նրանք գիտակից սպառող դառնան, այնքան շուտ երաշխավորված կլինի ՀՀ քաղաքացու առողջ ապագան:

Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ Առողջապահության նախարարության վիճակագրական տվյալների, 1990 թ.-ի համեմատ 2006 թ.-ին քաղցկեղով հիվանդների թիվն աճել է 1.18, իմունային մեխանիզմի ներգրավմամբ արյան և արյունաստեղծ օրգանների հիվանդությունների թիվը` 4.6, սնուցման և նյութափոխանակության խանգարումներով հիվանդությունների թիվը` 1.2, շաքարային դիաբետով հիվանդների թիվը` 1.16, ճարպակալումը` 1.1, սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդների թիվը` 1.2, բնածին շեղումներով և զարգացման արատներով հիվանդացությունը` 1.6 անգամ: Ալերգիկ հիվանդությունների թվի շուրջ 7 անգամ աճ է գրանցվել:

Մաքդոնալդսի» ու դրա նման սննդի այլ օբյեկտների միջոցով սպառողները ճաշակում են համբուրգերներ, չիսբուրգերներ, ֆրի, շաուրմա և հոդ-դոգ, կարկանդակներ, կարտոֆիլային չիփսեր, կրեկերներ, գազավորված ըմպելիքներ ու վնասակար այլ «արագ սնունդ»` չգիտակցելով դրանց վտանգավորությունն իրենց, հետևաբար և սերունդների առողջության համար: Ընդ որում, խնդիրը ոչ միայն դրսում սնվելու, այլև դրսում արագ ուտելու և քիչ ծամելու մեջ է, ինչի հետևանքն են ստամոքսաաղիքային տրակտի հիվանդությունները: Պակաս վնասակար չէ աղմուկը, որն առկա է ամենուրեք, որտեղ «արագ սնունդ» է առաջարկվում: Առհասարակ, «արագ սննդի» մեջ աղի, շաքարի, խտանյութերի, ներկերի, կայունարարների (ստաբիլիզատորներ), էմուլգատորների և այլ հավելանյութերի առկայությունը ճարպակալման վտանգի առջև է կանգնեցնում` պատճառ դառնալով շատ լուրջ հիվանդությունների (հիպերտոնիա, ալերգիա, քաղցկեղ, շաքարախտ, ինչպես նաև սրտանոթային, հոդերի ու ողնաշարային մի շարք հիվանդություններ): Առաջադեմ բժշկությունը հավաստում է, որ «արագ սնունդը» մարդկությանն սպառնացող մեծ վտանգ է, ինչը կանխելուն պետք է նպաստի նախ և առաջ գիտակից սպառողը:
Սպառողների ազգային ասոցիացիայի կողմից Սպառողների իրավունքների պաշտպանության օրվան` մարտի 15-ին նվիրված միջոցառումների մասին տեղեկությունները և օրվան նվիրված հոդվածը ներառող` «Սպառող» ամսագրի հերթական համարն արդեն տեղակայված է Սպառողների միջազգային ասոցիացիայի (CI) կայքում:

Պայքար «արագ սննդի» դեմ Արագ սնունդ + գազավորված ըմպելիքներ = չարիք մարդկության դեմ

Հայաստանում մոտ 15 տարի առաջ հաստատված «արագ սնունդ» երևույթը գրավել է ոչ միայն երեխաների ու երիտասարդության, այլև շատ մեծահասակների սրտերը:
«Մաքդոնալդսի» ու դրա նման սննդի այլ օբյեկտների միջոցով այժմ Երևանում ահել ու ջահել ճաշակում են համբուրգերներ, չիսբուրգերներ, ֆրի, շաուրմա և հոդ-դոգ, կարկանդակներ, կարտոֆիլային չիփսեր, կրեկերներ, գազավորված ըմպելիքներ ու այլ վնասակար «արագ սնունդ»` չգիտակցելով դրանց վտանգավորությունն իրենց, հետևաբար և ապագա սերունդների առողջության համար: Հիմնական պատճառն «արագ սննդի» մասին տեղեկացվածության պակասն է: Խնդիրը ոչ միայն դրսում սնվելու, այլև դրսում արագ ուտելու և քիչ ծամելու մեջ է, ինչի հետևանքն են ստամոքսաաղիքային տրակտի հիվանդությունները: Պակաս վնասակար չէ աղմուկը, որն առկա է ամենուրեք, որտեղ «արագ սնունդ» է առաջարկվում: Առհասարակ, «արագ սննդի» մեջ աղի, շաքարի, խտանյութերի, ներկերի, կայունարարների (ստաբիլիզատորներ), էմուլգատորների և այլ հավելանյութերի առկայությունը ճարպակալման վտանգի առջև է կանգնեցնում, ինչպես նաև հանգեցնում է էնդոկրին և իմունային համակարգերի խանգարման: Վերջինը խիստ բացասաբար է անդրադառնում երեխաների ֆիզիկական և մտավոր զարգացման վրա: «Արագ սնունդը» պատճառ է այլ լուրջ հիվանդությունների նաև մեծահասակների շրջանում (հիպերտոնիա, ալերգիա, քաղցկեղ, շաքարախտ, ինչպես նաև սրտանոթային, հոդերի ու ողնաշարային մի շարք հիվանդություններ): Առաջադեմ բժշկությունը հավաստում է, որ «արագ սնունդը» մարդկությանն սպառնացող մեծ վտանգ է, ինչը կանխելուն պետք է նպաստի նախ և առաջ քաղաքակիրթ աշխարհը:
Ի՞նչ յուղ է օգտագործվում «արագ սննդի» օբյեկտներում: Հայտնի է, որ այստեղ կարկանդակների, փքաբլիթների, օղաբլիթների, կարտոֆիլի ֆրիի և այլնի պատրաստման ժամանակ հաճախ կաթսայի բուսական յուղն օրեր շարունակ չի փոխվում` պարբերաբար լրացվելով նոր խմբաքանակով:
«Արագ սնունդը» բացասաբար է անդրադառնում մարդու մաշկի, մազերի որակի և ընդհանուր տեսքի վրա առհասարակ: «Արագ սննդի» տեսականիով հաճախակի սնվելը հանգեցնում է օրգանիզմի նյութափոխանակության արագ խանգարման: Դրանցում շատ է խոլեստերինը, քիչ` վիտամինները:
«Ինչ հաճախությամբ կարելի է «արագ սնունդ» ճաշակել» հարցին սննդաբանները պատասխանում են, որ թույլատրելի է այդ կերպ սնվելն ամիսը մեկ անգամ, նախընտրելի` դրանից հրաժարվելն առհասարակ:

Գազավորված ըմպելիքներ. խմելը` հաճելի, հետևանքները` անկանխատեսելի

Տարբեր երկրներում կատարված բազմաթիվ հետազոտությունների արդյունքները վկայում են, որ գազավորված ժամանակակից ըմպելիքների բաղադրության մեջ օգտագործվող հավելանյութերի, մասնավորապես` քաղցրացնող, թթվեցնող, պահածոյացնող և գունավորող նյութերի մեծ մասը կարող է լրջորեն վնասել առողջությունը: Նշենք, որ նույնիսկ այդ նյութերի բացառման դեպքում գազավորված ըմպելիքների չարաշահումը խախտում է օրգանիզմի թթվա-հիմնային հավասարակշռությունը` նպաստելով թթվային միջավայրի ստեղծմանը, ինչը կարող է մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ:
Գազավորված ըմպելիքները վատ են անդրադառնում հատկապես երեխաների առողջության վրա: Ինչպես հաղորդում է համացանցի «Սննդամթերքի գործնական տեխնոլոգիան» կայքը, սննդարդյունաբերության մեջ կիրառվող գունավոր պահածոյացնող նյութերը բացասաբար են ազդում երեխաների տրամադրության և վարքի վրա: Ներկայումս շատ երեխաներ աչքի են ընկնում բարձր ակտիվությամբ և կենտրոնանալու ցածր մակարդակով: Արտասահմանում այդ վիճակը հաճախ անվանում են «հիպերակտիվության սինդրոմ»:
Ցավոք, մեր հանրապետությունում պատշաճ ուշադրություն չի դարձվում սննդամթերքի անվտանգության հարցերին, այդ թվում` նաև գազավորված ըմպելիքների անվտանգության խնդիրներին: Բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների և կազմակերպությունների կողմից արտադրվում է գազավորված ըմպելիքների մեծ տեսականի, որոնցից որոշ ապրանքների պիտակի վրա օգտագործված բաղադրանյութերի վերաբերյալ մակնշման բովանդակությունը թերի է, իսկ երբեմն էլ անընթեռնելի է:
Ասպարտամի պարունակությամբ ըմպելիքների գրեթե ողջ տեսականին պահվում է ոչ սառնարանային պայմաններում: Բայց չէ որ, ինչպես արդեն նշել ենք, 30 աստիճան ցելսիուսի ներքո քաղցրացնող այդ նյութը տրոհվում է թունունակ մի շարք նյութերի: