Սպառողական շարժումը Հայաստանում սկիզբ է առել 1991թ.-ին` հանրապետության անկախության հռչակման արդյունքում, բժիշկ-համաճարակաբան Մելիտա Հակոբյանի նախաձեռնությամբ: Մելիտա Հակոբյանն այժմ Սպառողների ազգային ասոցիացիայի և 2003 թվականին իր իսկ նախաձեռնությամբ հիմնադրված Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա իրավաբանական անձանց միության նախագահն է: 1993 թ.-ին Վաճառականների միությունում հիմնադրվել է Սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության ծառայությունը: Վաճառականների միության «Զարկերակ» շաբաթաթերթի «Սպառողը շուկայի թագավորն է» խորագիրը կրող բաժինն արծարծում էր սպառողների շահերի և իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրներ ու հարցեր: Առաջարկվում էին համապատասխան լուծումներ: 1995թ.-ին գրանցվել է «Աննա» կին սպառողների շահերի պաշտպանության միությունը: 1997թ.-ից գործում են կազմակերպության ինչպես Երևանի, այնպես և մարզային կառույցները` իրենց մասնաճյուղերով: 1998թ.-ին միությունն անդամագրվել է Սպառողների միջազգային ասոցիացիային` CI-ին: 1999թ.-ին «Աննա» կին սպառողների շահերի պաշտպանության միությունը վերանվանվել է «Աննա» սպառողների ազգային ասոցիացիա: Կազմակերպությանն անդամագրվում են կամավորության սկզբունքով: Ասոցիացիայի դռները բաց են բոլորի առջև` բարձրաստիճան պաշտոնյայից մինչև երկրի շարքային քաղաքացի, ակադեմիկոսից մինչև շարքային գիտաշխատող, գիտնական ու մասնագետ : Սպառողական օրենսդրության շրջանակում Սպառողների ազգային ասոցիացիայի կողմից սպառողների իրավունքների և շահերի պաշտպանությունը ներառում է ամենօրյա իրավաբանական խորհրդատվություն, դատական հայցեր ու մասնակցություն դատավարություններին, ապրանքների և ծառայությունների անվտանգության անկախ փորձաքննություն, առևտրի և կենցաղային սպասարկման ծառայություններում ստուգումներ, սպառողական գիտելիքների ուսուցում և այս ամենին առնչվող խնդիրների լուսաբանում:

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Սպառողների ազգային ասոցիացիան առաջնորդվելով «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով և ասոցիացիայի Կանոնադրությամբ, առաքելություն ունի.
- Պաշտպանել սպառողների իրավունքները տնտեսության բոլոր ոլորտներում:
- Ներկայացնել սպառողների շահերը պետական կառույցներում:
- Մշտապես վերլուծության ենթարկել երկրում գործող օրենսդրության և սպառողի շահերին վերաբերող օրենքները, օրենսդրական ակտերն ու որոշումները և մշակել ու համապատասխան առաջարկներ ներկայացնել դրանց կատարելագործման ուղղությամբ:
- Իրականացնել ապրանքների և ծառայությունների անկախ փորձաքննություն:
- Անկախ փորձաքննություն իրականացնել գործող գների, տարիֆների ու ստանդարտների համապատասխանության վերաբերյալ:
- Իշխանություններին առաջարկներ ներկայացնել անորակ ապրանքներն ու ծառայությունները շրջանառությունից դուրս բերելուն ուղղված միջոցներ ձեռք առնելու ուղղությամբ:
- Աջակցել հայրենական որակյալ արտադրողներին և ծառայություն մատուցողներին:
- Բարձրացնել սպառողների գիտակցությունը, կրթել նրանց սպառողական գիտելիքներով, այդպիսով` հնարավորություն ընձեռելով ճիշտ կողմնորոշվել և պաշտպանել սեփական շահերը ապրանքների և ծառայությունների շուկայում:
- Պայքարել հանուն ազգաբնակչության առողջության պահպանման և ապագա առողջ սերնդի ձևավորման:
- ԶԼՄ-ների օգնությամբ սպառողներին պարբերաբար ապահովել համապատասխան տեղեկատվությամբ:

ՆՊԱՏԱԿԸ

- Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի լինի օրենսդրորեն պաշտպանված և տեղյակ սեփական իրավունքներին:
- Սպառողական ինստիտուտի վերջնական կայացումը հօգուտ Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության պահպանման, ապագա առողջ սերնդի ձևավորման:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

- 1997թ.-ից ասոցիացիան ստանձնել է ՀՀ-ում իր տեսակի մեջ առաջին և միակ տեղեկատվական, վերլուծական, խորհրդատվական «Սպառող» ամսագրի հրատարակումը:
- Գործում է ասոցիացիայի «Մարքեթինգի և մոնիթորինգի» բաժինը:
- Իրականացվում է ՀՀ ներմուծվող, տեղում արտադրվող և երկրից արտահանվող սննդամթերքի, լայն սպառման ապրանքների որակի և պիտանիության վերահսկում:
- Իրականացվում է տեղական արտադրողների խորհրդատվություն, և լավագույնների խրախուսում, ի նպաստ հայրենական շուկայում տեղական արտադրանքի գերակայության:
- 2003թվականին ասոցիացիան հիմնադրել է «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա իրավաբանական անձանց միությունը», որտեղ միևնույն նպատակի շուրջ, այն է` սպառողական ինստիտուտի վերջնական կայացումը մեր երկրում, միավորվել են մի խումբ գործող հասարակական կառույցներ: Ակադեմիան իրականացնում է «50 լավագույն արտադրողներ» ծրագիրը, որը նույնպես ուղղված է տեղական արտադրության խթանմանը մեր երկրում:
- Կազմակերպվում են դասախոսություններ, սեմինարներ, կլոր սեղաններ և կոնֆերանսներ:
- Ասոցիացիայի ներկայացուցիչները պարբերաբար հրավիրվում են միջազգային կոնֆերանսներին ու սեմինարներին:
- Պարբերաբար սպառման ոլորտի հիմնախնդիրների վերլուծություն է իրականացվում ԶԼՄ-ների միջոցով:
- 2003-2007թթ. - ին «Երևան» հեռուստաընկերության եթերում պարբերաբար հեռարձակվում էր «Սպառողի իրավունքը» հաղորդաշարը: Քայլեր են արվում հաղորդաշարը Հանրային հեռուստաընկերության եթերում վերականգնելու ուղղությամբ:
- Կրթական ծրագրերի շրջանակում նախապատրաստվել է հրատարակության «Սպառողների իրավունքների հիմունքները» դասագիրքն` իր երկու մեթոդական մշակումներով:
- Գործում են ասոցիացիայի խորհրդատվական և իրավաբանական ծառայությունները:

ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ

- 1999-ին իրականացվել է քարոզարշավ` ուղղված «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի ընդունմանը: Ասոցիացիայի փորձագետների և իրավաբանների ջանքերով մշակված օրենքի նախագիծը նախ արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը: 2001թ.-ի հունիսի 6-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում օրենքն ընդունվեց, ապա ՀՀ նախագահի վավերացմամբ ուժի մեջ մտավ 2002թ.-ի հունվարի 1-ից:
- Ասոցիացիան նպաստել է «Ստանդարտացման», «Սերտիֆիկացման», «Չափաբանության» մասին ՀՀ օրենքների մշակմանը:
- 2000թվականին ասոցիացիան մասնակցել է ԱՄՆ «Քաղաքակիրթ հասարակության զարգացման» միջազգային ծրագրին:
- 2000-2001թթ.-ին ասոցիացիան ստեղծել է «Սպառողների իրավունքների պաշտպանության ավտոմատացված տեղեկատվական համակարգ»` ԱՏՀ:
- Ասոցիացիան մշակել է «Հիվանդի իրավունքների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, ապա 2001-2002 թթ.-ին իրականացրել այդ նախագծի քարոզարշավը: Օրենքի նախագիծը ներկայացված է ՀՀ կառավարություն և ՀՀ ԱԺ:
- 2002թվականին ասոցիացիայի պատվիրակությունը մասնակցել է «Սննդի համաշխարհային կազմակերպության»` FAO-ի վեհաժողովին Հռոմում:
- 2003-2004թթ. - ին իրականացվել է սպառողների իրավունքների պաշտպանությանը նվիրված լայնածավալ քարոզարշավ:
- Պարբերաբար իրականացվում են իրազեկ սպառողի ձևավորմանն ուղղված քարոզարշավներ թե մայրաքաղաք Երևանում, թե հանրապետության մարզերում: